ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 29-ի համեմատ՝ մարտի 30-ի ցերեկը օդի ջերմաստիճանը Հայաստանի տարածքում կնվազի 5-6 աստիճանով, մարտի 31-ի ցերեկը՝ եւս 6-8 աստիճանով, ապրիլի 1-ի գիշերը՝ եւս 3-6 աստիճանով։
Այսօրվա գնահատմամբ՝ Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 2-ի գիշերը՝ հողի մակերեսին 0...-2, օդում -3...-4 աստիճան։
Ամենացածր ջերմաստիճանը նախալեռնային շրջաններում ապրիլի 1-ի գիշերը կանխատեսվում է -2...-4, ապրիլի 2-ի գիշերը՝ 0...-2 աստիճան։ Այս տարածքներում ջերմաստիճանի անկումը մարտի 31-ի երեկոյան եւ ապրիլի 1-ի գիշերը կուղեկցվի ձյան տեսքով տեղումներով։
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում զգուշացրեց, որ եթե օդի ջերմաստիճանը իջնի մինչեւ -1…-2, ապա կտուժեն ծաղկած կորիզավոր կուլտուրաները։
Վնասը մեղմելու նպատակով փորձագետը Հայաստանում նման ջերմաստիճանային ռեժիմներից պտղատու ծառերը պաշտպանելու արդյունավետ միջոցների բացակայության պայմաններում առաջարկեց դիմել ավանդական միջոցների, այդ թվում՝ կազմակերպելով ծխածածկույթ (պտղատու տնկարկներ ամբողջ տարածքում ծխի եւ գոլորշու վարագույրի ստեղծում):
Պետրոսյանը կոչ արեց աշխատանքները կազմակերպել գրագետ, մասնագետների հետ խորհրդակցելով՝ տարածքը ծխածածկել ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին՝ հետեւելով ջերմաստիճանային ռեժիմին։
«Հաճախ մարդիկ սկսում են տարածքները երեկոյան ժամերին ծխածածկել, երբ այդպիսի անհրաժեշտություն չկա, քանի որ, որպես կանոն, ամենացածր ջերմաստիճանը գրանցվում է առավոտյան ժամը 5-7-ը»,- նշեց նախկին փոխնախարարը։
Նա հուշեց, որ ցրտահարության հետեւանքների մեղմացման մեկ այլ միջոց կարող է լինել ինտենսիվ ոռոգումը:
«Սինթետիկ թաղանթի տակ աճեցված բանջարեղենի, կարտոֆիլի կամ հատապտուղների աճեցման համար հողի մակերեսին -3 ... -4 ջերմաստիճանի դեպքում պետք է արհեստական տաքացում կազմակերպել՝ էլեկտրական սարքերի կամ դիզելային կամ գազով աշխատող սարքերի միջոցով, քանի որ նման ջերմաստիճանային ռեժիմը կարող է վնասել այս մշակաբույսերին»,- հավելեց Պետրոսյանը։
Արամ Դանիելյան




























