Մեծ Բրիտանիայի տրանսպորտի դեպարտամենտը Եվրոպայում առաջինը հավանություն է տվել ամերիկյան Ford ավտոարտադրողի BlueCruise ավտոպիլոտի օգտագործմանը Միացյալ Թագավորության մի քանի մայրուղիներում։ Այս մասին ուրբաթ գիշեր տեղեկացրել է The Times թերթը։

«Ford ընկերության որոշումը մեզ որպես առաջին եվրոպական երկիր ընտրելու մասին, որտեղ կգործարկվի BlueCruise տեխնոլոգիան, Մեծ Բրիտանիան կկանգնեցնի նորարարությունների շեմին։ Վարորդի օգնության այս համակարգը կդյուրինացնի մեքենա վարելը եւ կբարձրացնի անվտանգության մակարդակը ճանապարհներին»,- ասել է թագավորության տրանսպորտի փոխնախարար Ջեսի Նորմանը՝ մեկնաբանելով կառավարությունում ամերիկյան արտադրողի այս առաջարկի մեկամյա քննարկման դրական արդյունքը։ BlueCruise-ի կառավարմամբ Մեծ Բրիտանիայում մեքենաներն արդեն ավելի քան 100 հազար մողն (161 հազար կիլոմետր) են անցել փորձնական ռեժիմով։

Ավտոպիլոտը կաշխատի Միացյալ Թագավորության ոչ բոլոր ճանապարհներին, այլ միայն այսպես կոչված կապույտ գոտիներում՝ Անգլիայի, Շոտլանդիայի եւ Ուելսի հիմնական մայրուղիներում (նոտ 2 300 մղոն), նշել է The Daily Telegraph թերթը։

Ինչպես նշել է The Times-ը, Ford-ի ավտոպիլոտը «կարող է հետեւել ճանապարհային նշաններին, պահել արագության ռեժիմը, հաշվի առնել այլ տրանսպորտային միջոցների շարժումը», ինչպես նաեւ կատարել գազի եւ արգելակի ոտնակների ինքնուրույն կառավարում։ Հատուկ ինֆրակարմիր խցիկները հետեւում են, որպեսզի վարորդը չդադարի ուշադիր լինել ճանապարհին եւ չօգտագործի բջջային հեռախոս շարժման ժամանակ։ Եթե նա հայացքը շեղի ճանապարհից, մեքենան սկզբում թեթեւակի կարգելակվի, հետո կանգ կառնի եւ կմիացնի վթարի ազդանշանը։

Թերթը նշել է, որ այս համակարգը կունենան Ford-ի 2023թ. Mustang Mach-E մոդելի մեքենաները, սակայն հետագայում ընկերությունը նախատեսում է ավտոպիլոտ տեղադրել նաեւ ավելի հին մոդելներում։ Ավտոպիլոտի ծառայությունը միանում է բաժանորդագրությամբ, արժեքը՝ ամսական 17,99 եվրո (22,5 դոլար)։