Հունիսի 27-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում BMW X5 մակնիշի ավտոմեքենա է շրջում, որի վրա տեղադրված դիվանագիտական համարանիշները կեղծ են։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, կարճ ժամանակում պարեկները Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերել են նշված BMW X5-ը, որից հետո վարորդին՝ կեղծիք կատարելու կասկածանքով տեղափոխել են Ոստիկանության Մալաթիայի բաժին։
Արդեն տեղում վարորդը՝ Երևանի բնակիչ 42-ամյա Կարեն Պետրոսյանը հայտնել է, որ «ԱՄՆ դեսպանատան 01 D 011 AM համարանիշները, որոնք կեղծ են, գտնվում են իր ավտոմեքենայի բեռնախցիկում»։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։





























