Ընդդիմությունը պետք է վերականգնի կապը հասարակության հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
Նա նաեւ նշել է. «Երբ ես ասում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը ինստիտուցիոնալ տապալման մեջ է, ոմանք նեղանում են, թեև ես խոսում եմ բացառապես ինստիտուտի մասին, և երբեք կասկածի տակ չեմ դրել անհատների հայրենասիրությունը։
Ես խոսում եմ այլ բանի մասին։ Վերջին 4-5 օրերի ընթացքում տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ, և խորհրդարանական ընդդիմությունը որպես ինստիտուտ չի արձագանքել՝ կտրելով իր կապերը լայն հասարակության, այդ թվում՝ իր ընտրազանգվածների հետ։ Չի արձագանքել.
- ՌԴ ԱԳՆ կարևոր հայտարարությանը
- Բրյուսելյան հանդիպմանը
- Շառլ Միշելի ձևակերպումներին
- Արցախում սկիզբ առնող պրոցեսներին
- Մայր Աթոռի հոգևոր խորհրդի կարևոր ու հստակ ուղերձին
- Ազգային սրբություն համարվող Մատենադարանի շուրջ զարգացումներին
Չի արձագանքել նույնիսկ 270 հազար ձայն ստացած պետական գործչի հանդեպ ապօրինի գույքի մեղադրանքներին։
Սա նորմա՞լ Է։ Սա խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանական ընդդիմության գործունեությո՞ւն է։ Ի դեպ, արձագանքել ասելով՝ ես նկատի չունեմ հերթական տեքստը ստորագրել։ Արձագանքը քայլերի համակարգ է՝ մարդկանց համախմբելու ուղղությամբ, մարդկանց ինքնուրույն մտածելու և հետևություններ անելու կոնտենտն է՝ օգնելով, որ հասարակությունը կարողանա կողմնորոշվել ստեղծված իրականության մեջ, հասկանա իր անելիքը։ Սովորական մարդիկ, այդ թվում՝ կիրթ, գրագետ հատվածը, այսօր համատարած չեն հասկանում, թե ինչ է կատարվում. ռուսները ինչ ասացին և ինչու, ինչ վտանգավոր զարգացումներ կան, ինչ է կատարվում Արցախում, Մատենադարանում իշխանական ռեյդերային հարձակումը ինչ է և այլն և այլն։
Բա որ դա չի արվում, աշխարհը ո՞նց հասկանա, որ Հայաստանում Նիկոլից բացի այլ ուժեր կան, հասարակությունը ո՞նց կոնսոլիդացվի, ո՞նց էմոցիոնալ, ինչ-որ տեղ՝ անօգնական լարվածությունը փոխարինվի մոտիվացված պայքարով։ Սա լուրջ պրոբլեմ է. սրա վտանգը լայն հասարակության համատարած անօգնական-սպասողական մոլորվածությունն է, և՝ դեռևս պայքարի ունակ շրջանակների բարոյալքումը։ Ես ինչ-որ մեկին մեղադրելու խնդիր չեմ դնում. մեր երկիրը արհավիրքի շեմին է, հստակություններ են պետք։





























