Երեք իսրայելցի պատանդներ, որոնք «սխալմամբ» սպանվել են իսրայելական զորքերի կողմից Գազայի հատվածում, սպնվելու ժամանակ  ծածանել են սպիտակ դրոշ և եղել են առանց վերնաշապիկի,  շաբաթ օրը հայտարարել են զինվորական պաշտոնյաները, ինչը դարձել է Իսրայելի կողմից առաջին նման խոստովանությունը, հաղորդում է AP-ն:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ազգային ուղերձում ասել է, որ սպանությունները «կոտրել են իմ սիրտը, կոտրել են ողջ ազգի սիրտը», սակայն  չի մատնանշել որևէ փոփոխություն Իսրայելի ինտենսիվ ռազմական արշավում: «Մենք ավելի քան երբևէ վճռական ենք  գնալու  մինչև վերջ, մինչև չվերացնենք ՀԱՄԱՍ-ը, մինչև չվերադարձնենք մեր բոլոր պատանդներին»,- ասել է նա։

Սխալմամբ սպանությունների պատճառով առաջացած զայրույթը, հավանաբար, կուժեղացնի ճնշումը Իսրայելի կառավարության վրա՝ վերսկսելու Քաթարի միջնորդությամբ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները՝  մնացած մեծ թվով գերիներին Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակելու համար:

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ուսամա Համդանը կրկնել է, որ պատանդների ազատում չի լինի, քանի դեռ պատերազմը չի ավարտվել, և Իսրայելը չի ընդունել  խմբավորման փոխանակման պայմանները: Նաթանյահուն իր հերթին ասել է, որ Իսրայելը երբեք չի համաձայնի այդ պահանջներին։