Իսրայելցիների միայն երրորդ մասն է (35,5 տոկոս) պատանդների ազատման հավանականությունը բարձր գնահատում։ Այս մասին են վկայում Դեմոկրատիայի իսրայելական ինստիտուտի հանրային կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակել է Kan հեռուստաընկերությունը։
Հարցվողների 35,5 տոկոսի կարծիքով՝ պատանդների ազատման հավանականությունը բարձր է, երկու երրորդը հակառակ տեսակետին է։ 71,5 տոկոսը համոզված է, որ Իսրայելի Պաշտպանության բանակի գործողությունների հետեւանքով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը քաղաքական եւ ռազմական պարտություն կկրի։ Հարցման մասնակիցների 64 տոկոսը կարծում է, որ հրեական պետության ղեկավարությունը գործողությունների հստակ պլան չունի հակամարտության թեժ փուլի ավարտից հետո։
Հարցվողների 69 տոկոսը անհրաժեշտ է համարում Իսրայելում խորհրդարանական ընտրությունների անցկացումը ՀԱՄԱՍ-ի հետ ռազմական դիմակայությունից հետո։ Կնեսետում ուժերի արմատական փոփոխություն չի ենթադրվում, կարծում են սոցհետազոտության հեղինակները. հարցվողների մեծ մասը նախատեսում է հնարավոր ընտրությունների ժամանակ քվեարկել նույն կուսակցության օգտին, որի համար քվեարկել է 2022թ. նոյեմբերին։
Դեմոկրատիայի իսրայելական ինստիտուտի ավագ գիտաշխատող Թամար Հերմանի կարծիքով՝ ձախ եւ կենտրոնամետ կուսակցությունների կողմնակիցները տրամադրված են հեռացնել գործող կառավարությանը՝ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, իսկ աջ կուսակցությունների կողմնակիցները հուսով են իշխանությունից հեռացնել այնպիսի քաղաքական գործիչների, ինչպիսին են ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը եւ ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը։





























