«Բժիշկներ առանց սահմանի» միջազգային մարդասիրական կազմակերպությունը դատապարտել է Գազայի հատվածում «միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումները»։ Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Մարթա Կանյասը։

«Եթե ռումբերը չոչնչացնեն հատվածի բնակչությանը, դա կանեն քաղցն ու հիվանդությունները,- նրա խոսքերը մեջբերել է El Mundo թերթը։- Հումանիտար օգնության տրամադրումը ծիծաղելի է եւ չի կարող դիտարկվել որպես այդպիսին»։ «Ներկայում ստացվում է նախկինում ստացված օգնության 15 տոկոսը»,- ավելացրել է Կանյասը։

Նա հայտարարել է, որ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունն անզոր է, երբ «երեխաները գալիս են բժշկի եւ ասում, որ կնախընտրեին մեռնել, քան շարունակել տառապել», «երբ ավելի շատ մահացածներ են գրանցվում, քան վիրավորներ», «երբ ստիպված ես վիրահատել եւ անդամահատել առանց թմրեցման կամ հատակին»։ «Այն, ինչ տեղի է ունենում, անհնար է նկարագրել»,- ընդգծել է Կանյասը։