Երեւանում, այսօր` նոյեմբերի 1-ին, ներկայացվել ու քննարկվել է անչափահաս ամբաստանյալների գործերով դատավարությունների մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ զեկույցը:
Զեկույցն անդրադառնում է թվով 45 գործի, որոնցում որպես ամբաստանյալներ ներգրավված են անչափահասները: Այն նաեւ վերլուծում է ՀՀ օրենսդրությունն ու պրակտիկան, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների համագործակցությունը` անչափահասների արդարադատության համակարգի կատարելագործման ճանապարհին ընկած բացերը բացահայտելու եւ առաջարկություններ ներկայացնելու համար: Ծրագիրն իրականացվել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Վլադիմիր Չունտուլովը նշել է. «Իրավախախտ երեխաները, կարիք ունեն պաշտպանվածություն եւ ոչ միայն կառավարության կողմից, այլ նաեւ ողջ հասարակության: Կանխարգելմանը զուգահեռ` պետք է լինի ազատազրկմանը այլընտրանք առաջարկող քաղաքականություն: Մենք հույս ենք տածում, որ այս զեկույցը օգտակար եւ գործնական նշանակություն կունենա մեր հայ գործընկերների համար` համատեղելու եւ կրկնապատկելու իրենց ջանքերն` ուղղված երեխաների իրավունքների ու լավագույն շահերի պաշտպանության ամրապնդմանը»:
Մասնակիցները նաեւ քննարկել են «Անչափահասների գործերով արդարադատությունը Հայաստանում. օրենքի հետ կոնֆլիկտ ունեցած անչափահասների տեսակետների» վերաբերյալ հետազոտությունը, որն իրականացվել է «Առաջադեմ սոցիալական տեխնոլոգիաներ» ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Հետազոտության նպատակն է նպաստել երեխաների մասնակցությանը եւ գնահատել անչափահասների արդարադատության համակարգը երեխաների տեսանկյունից: Այն հանդիսանում է ՄԱԿ-Ի մանկական հիմնադրամի (UNICEF) հովանավորությամբ իրականացված`«Հայաստանում անչափահասների գործերով արդարադատության ոլորտի բարեփոխման ձեռքբերումների գնահատման» վերաբերյալ հետազոտության մաս:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը հավելել է. «Անչափահասների հանցավորությունը Հայաստանում բավականին ցածր է` համեմատած շատ այլ երկրների հետ, այնուամենայնիվ դեռեւս անհրաժեշտ է ունենալ անչափահասների արդարադատության համակարգ, որտեղ երիտասարդ իրավախախտ երիտասարդների նկատմամբ այլ մոտեցում է կիրառվում: Անհրաժեշտ է ունենալ հատուկ դատավորներ, քննիչներ, մասնագետներ դատական վարույթների ընթացքում. սա մի համակարգ է, որը երկար ժամանակ կիրառվում է այլ երկրներում եւ արդյունավետ է համարվել»:
Դիտարկումն իրականացվել է Հայաստանի երեք քաղաքներում` Երեւանում, Վանաձորում եւ Գյումրիում: Ծրագրի շրջանակներում գրասենյակը նաեւ աջակցել է թեժ գծի աշխատանքին, որը անվճար իրավաբանական խորհրդատվություն էր տրամադրում քաղաքացիներին, այդ թվում` անչափահասներին եւ նրանց հարազատներին:




























