Հայաստանում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների եւ ժամանակին արված վճարումների դեպքում կարող են կիրառվել բոնուսներ։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, Վարչական իրավախախտումների օրինագծում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, փետրվարի 1-ին ասել է  ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը որոշել է կարգավորել տուգանքների նշանակման կարգը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման, վարչական վարույթի եւ դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացման համար։ «Ներկայում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արձանագրման դեպքում կիրառվում են ապացույցների երկու բլոկներ։ Առաջինը՝ տեսահսկման խցիկների օգնությամբ, եւ երկրորդը՝ խախտումներ, որոնք գրանցվում են պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ Առաջին դեպքում խախտումների փաստերը ներկայացվում են խախտողին թղթով տեղեկացմամբ, որտեղ նշվում է տուգանքի չափը»,- ասել է Սարգսյանը։

Իրազեկման այս ձեւը, փոխնախարարի կրարծիքով, արդարացված չէ, քանի որ հանգեցնում է ամենամյա ծախսերի՝ 1,5 մլրդ դրամի չափով։ Այս առնչությամբ  ներքին գործերի նախարարությունը որոշել է առաջարկել միջանկյալ մեխանիզմ։ Այսպես, մինչեւ կենսաչափական անձնագրերի եւ ID-քարտերի նոր համակարգի ներդրումը, որոնցում կներկայացվեն նաեւ քաղաքացիների էլեկտրոնային հասցեները, կարգախախտները, վերջինների ցանկության դեպքում, կկարողանան ներկայացնել իրենց էլեկտրոնային հասցեները, ինչը նրանց հնարավորություն կտա կրճատել տուգանքների չափը 20 տոկոսով։ «Օրինակ, 5 000 դրամ տուգանքի եւ էլեկտրոնային հասցեի տրամադրման դեպքում տուգանքի չափը կկրճատվի՝ դառնալով 4 000 դրամ»,- պարզաբանել է կառավարության ներկայացուցիչը։

Այս միջոցը, նրա խոսքով,  հետապնդում է երկրի քաղաքացիներին թվային դաշտ մտցնելու նպատակ։ Դա թույլ կտա բնակիչներին հարմարեցնել հետագա քայլերին՝ ուղղված բացառապես էլեկտրոնային ձեւով իրազեկման տրամադրմանը։

Մեկ փոփոխություն էլ վերաբերում է տուգանքի ենթարկվածների վարքին։ Սարգսյանը նշել է, որ ներկայում կան զգալի թվով չվճարված հաշիվներ, որոնցով զբաղվում է Դատական ակտերի կատարման ծառայությունը։ Խոսքը 8 մլրդ դրամի մասին է։ «Հաշվի առնելով այն, որ այդ վճարումները հանգեցնում են սոցիալական լարվածության աճի, ինչպես նաեւ լրացուցիչ ծախսերի պետության կողմից (դատարանների որոշում, հայցերի ապահովում եւ այլն), որոշում է ընդունվել կիրառել մի շարք միջոցներ։ Մասնավորապես, եթե վարորդը 15 օրվա ընթացքում վճարում է դուրս գրված գումարը, նրա հանդեպ սկսում է գործել 30 տոկոսանոց զեղչ։ Այլ խոսքով՝ տուգանքի չափի 70 տոկոս վճարի դեպքում մնացած գումարը զրոյացվում է»,- ավելացրել է փոխնախարարը։ Նա ընդգծել է, որ այս բոնուսները կարող են գործել ինչպես առանձին, այնպես էլ միասին։

Վերջին փոփոխությունը, ինչպես ընդգծել է Արփինե Սարգսյանը, վերաբերում է այն արձանագրություններին, որոնք կազմվում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման փաստով եւ այն դատարան ներկայացնելով՝ վարչական վարույթ իրականացնելու համար։ Այս մեխանիզմը, փոխնախարարի խոսքով, հանգեցնում է, մի կողմից, ոստիկանի դերի նվազեցման, մյուս կողմից՝ դատարանների ծանրաբեռնման։ Այժմ առաջարկվում է սահմանել դրույթ, որի համաձայն՝ պարեկային ծառայության աշխատակցի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման գրանցման դեպքում  այդ արձանագրությունն սկսում է գործել ինքնաբերաբար։ Վերջինն իրավունք է ստանում բողոքարկել այդ որոշումը դատարանում միայն վարորդի անհամաձայնության դեպքում։ «Գործնականում արձանագրվում են բազմաթիվ դեպքեր, երբ դատարանները որոշում են ընդունում հօգուտ քաղաքացիների»,- նշել է պաշտոնյան։

Այս օրինագծերը, պլանի համաձայն, խորհրդարանում դրանց ընդունման դեպքում կսկսեն գործել 2024թ. հուլիսի 1-ից։

Բավական երկարատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն  ստացավ խորհրդարանական հանձնաժողովի հավանությունը։