Հայաստանի մի շարք լրատվամիջոցների խմբագիրներ եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես են եկել հայտարարությամբ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի։ Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ՝
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին կամովին ներկայացավ իրավապահ մարմիններին և անմիջապես ձերբակալվեց: Դատարանը հաշվի չառավ այն, որ մարտի 1-ի գործերով կալանավորված անձանց նկատմամբ համաներում է կիրառվել և նրանց մեծ մասն արդեն ազատության մեջ է, իսկ հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կիրառելի է, եթե հետախուզվողները մինչև հուլիսի 31-ը կամովին ներկայանան իրավապահ մարմիններին: Դատարանը հաշվի չառավ նաև, որ իշխանությունը համաներում հայտարարելով, փաստորեն, քաղաքական կամք է դրսևորել` ազատ արձակելով իր քաղաքական հակառակորդներին և անցել պայքարի քաղաքական մեթոդների:
Սակայն մենք` լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, չենք կարող համաձայնել այն խտրական մոտեցման հետ, որը դրսևորվում է մեր գործընկերոջ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ձեռնպահ մնալով նրա քաղաքական գործունեության մանրակրկիտ վերլուծությունից, մենք իշխանություններին կոչ ենք անում փոխել Փաշինյանի խափանման միջոցը և առաջադրված մեղադրանքի շրջանակներում նախաքննությունն իրականացնել նրա ազատության պայմաններում:
Մենք պատրաստ ենք այդ հարցում օրենքով սահմանված կարգով հանդես գալ որպես երաշխավոր: Խափանման միջոցի փոփոխության պարագայում իշխանության բարի կամքի դրսեւորումը կդիտարկվի որպես հարգանք ընդհանրապես ազատ խոսքի եւ մասնավորապես զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:



























