Հունիսի 6-ի առավոտյան Կեմերովոյում բախվել են երկու տրամվայներ։ Տուժել է ավելի քան 90 մարդ, յոթը՝ երեխա, տեղեկացրել է Կուզբասի առողջապահության նախարարը։ Մեկ մարդ զոհվել է, ասել է Կեմերովոյի քաղաքապետ Դմիտրի Անիսիմովը։ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ չորս մարդ ծանր վիճակում է։ Հիվանդանոց է տեղափոխվել 78 մարդ։
Քննչական կոմիտեի շրջանային վարչությունում նշել են, որ տրամվայները բախվել են Լոգովո խճուղում, Կուզնեցկի կամրջի վրա։
Baza թելեգրամ-ալիքի տվյալներով՝ №10 երթուղու տրամվայի արգելակները չեն գործել։ Արդյունքում՝ վագոնը սլացել է մեծ արագությամբ, շրջադարձի վրա նրա դուռը պոկվել է, եւ այնտեղից դուրս է թռել երկու մարդ։ Հետո տրամվայը բախվել է առջեւից ընթացող վագոնին։ Ինչպես գրել է Baza-ն, վագոնավարը 23-ամյա աղջիկ էր։ Նա մի քանի կոտրվածքներ է ստացել։
Կեմերովոյի էլեկտրատրանսպորտային ընկերությունում տրամվայի անսարքության մասին տեղեկությունն անվանել են «ֆեյք սկզբից մինչեւ վերջ»։ ՏԱՍՍ-ի տվյալներով՝ այն տեխնիկական սպասարկում էր անցել հունիսի 2-ին։
Կեմերովոյի քաղաքապետը տեղեկացրել է, որ տրամվայների մաշվածությունը քաղաքում հասել է 90 տոկոսի։ «Դրանք հնացել են, տարիքը կազմում է 40 տարի։ Ֆինանսավորման աղբյուրը որոշվում է, կան դաշնային ծրագրեր, որոնցում հայտ ենք ներկայացրել։ Ֆինանսավորման աղբյուրների պարզություն կլինի 2025-ին մոտ, սկզբում պետք է թարմացնել ենթակառուցվածքը»,- ասել է նա։
ՔԿ-ն քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով (ՔՕ 238 հոդվածի 2-րդ մաս)։




























