Շրջանառության հարկի դրույքաչափի բարձրացումը և հետագայում ձգտելը, որ շրջանառության հարկի ռեժիմ առհասարակ չլինի, ուղղակիորեն փոքր բիզնեսի հարկային բեռը ծանրացնելու քաղաքականություն է: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի գխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ շրջանառության հարկի դրույքաչափը փոխելու մասին քննարկմանը:
Տնտեսագետի խոսքով, այս պահին գործող հարկային կարգավորումներով, շրջանառության հարկի ռեժիմում կարող են աշխատել այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 115 մլն դրամը: Ըստ էության դրանք փոքր տնտեսվարող սուբյեկտներն են, որոնք ընտանիքի օրվա հացի խնդիր են կարողանում լուծել:
«Կարծում եմ, դա որևէ տրամաբանության մեջ չի տեղավորովում, որովհետև ամբողջ աշխարհում հարկային օրենսդրություններով, փոքր ու միջին ձեռնարկատիրություններին արտոնյալ պայմաններ են առաջարկվում: Դա տրամաբանական է, արդար է, որովհետև փոքր և խոշոր կազմակերպությունները հավասար հարկային բեռի տակ մրցակցել, շուկայում միմյանց հետ գոյատևել, ուղղակի չեն կարող: Եթե փոքր ու խոշոր կազմակերպությունները նույն հարկային բեռի տակ աշխատեն, պարզ է, որ խոշոր կազմակերպությունը իր խոշորությամբ, ավելի լայն ֆինանսական հնարավորություններով, մատակարարների հետ բանակցային ավելի շահավետ դիրքում է գտնվում, քան փոքր կազմակերպությունը: Հետևաբար խոշոր բիզնեսի համար ավելի լավ պայմաններ կարող են ձևավորվել»,-պարզաբանում է Կառլեն Խաչատրյանը:
Հարցին թե մոտավորապես որքանո՞վ կավելանա փոքր ու միջին բիզնեսների հարկային բեռը, տնտեսագետը պատասխանեց, որ դեռևս պարզ չէ, սակայն ժամանակին, երբ հաշվում էին, թե շրջանառության հարկի հարկային ռեժիմը որքան է տարբերվում ընդհանուր ռեժիմից, գնահատականները ցույց էին տալիս, որ շրջանառության հարկը մոտավորապես 2.5-3 անգամ ավելի թեթև հարկային բեռ է ենթադրում:
Կառլեն Խաչատրյանի խոսքով, շրջանառության հարկի վերացումը լրացուցիչ գնաճ կարող է առաջացնել շուկայում այն պատճառով, որ փոքր կազմակերպությունները ապրանքի գները բարձրացնելուց հետո խոշորների համեմատ դառնալու են ոչ մրցակցային, հետևաբար դուրս են մղվելու շուկայից: Խոշորներն էլ, օգտվելով այն հանգամանքից, որ խաղացողները շուկայում փոքրաթիվ են, գները կարող են բարձրացնել: Նա նշեց, որ այդ իմաստով, չի բացառվում, որ գնաճ նկատվի:
Խոսելով այն մասին, թե որն է շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայման նպատակը. Կառլեն Խաչատրյանն ասաց.
«Իմ կարծիքով, նպատակը պետական բյուջեի հավաքագրումն է: Այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով թերակատարում կար, միտումները ցույց են տալիս, որ առաջին կիսամյակում կրկին թերակատարում կարձանագրվի: Հավաքագրումների մասով որոշակի խնդիրներ կան, բացը լրացնելու ամենաարագ ճանապարհը հարկային բեռը ծանրացնելն է»,-ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ ենթադրում է՝ քննարկվող փոփոխությունները ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից:





























