Երբ հոգեւորականը ցուցարարներին տանում էր բախումների, պետք է հաշվի առներ, որ ոստիկաններն իրենց զինանոցում հատուկ միջոցներ ունեն, որոնց օգտագործումը կարող է վտանգավոր լինել քաղաքացիների համար։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 14-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով հունիսի 12-ին բողոքի ակցիայի ցրումը։
Լրագրողների այն դիտարկմանը, թե ցույցը ցրելու հետևանքով տուժածներ կան, Քոչարյանն ասաց՝ «Զոհեր չկան, չէ՞»։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ ցուցարարների դեմ խլացուցիչ նռնակներ էին կիրառվել։ Առողջապահության նախարարությունը հայտնել է 101 տուժածի մասին, իսկ ոստիկանությունը՝ 100 բերման ենթարկվածի մասին։





























