Պարբերաբար Դերսիմի կոտորածը հիշատակելով` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միանգամից երկու խնդիր է լուծում` «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը մեղադրում է կոտորած իրագործելու մեջ եւ, միաժամանակ, պառակտում է մտցնում այդ քաղաքական ուժի շարքերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Ըստ նրա` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն երկար տարիներ պարբերաբար իր ելույթներում հիշատակում է Դերսիմի կոտորածը` ուղղակիորեն քննադատելով «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության դերն այդ հարցում: «Ներկա պահին նրանց մեջ հարց է առաջանում. ինչո՞ւ Էրդողանը միայն հիմա հիշեց այդ մասին: Պարզապես Էրդողանը հասկացել է, որ այժմ Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար դերսիմցի Քեմալ Քըլըչդարօղլուն այլ վերաբերմունք ունի կոտորածի հանդեպ: Էրդողանը, հիշատակելով  կոտորածը եւ մեղադրելով կուսակցությանը, երկու կարեւոր խնդիր է լուծում` ԺՀԿ-ին մեղադրում է կոտորած կազմակերպելու մեջ եւ խոսում է Թուրքիայի պատմության ամենացավոտ էջերի ընթացքում կուսակցության ունեցած դերի մասին: Երկրորդ, մեղադրելով կուսակցությանը ջարդը կազմակերպելու մեջ, պառակտում է մտցնում դրա շարքերում»,- նշել է Իսպիրյանը:

Թուրքագետը նշել է, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ներկա պահին երկու ճյուղի է բաժանվել` մի մասը,  Քեմալ Քելեչդարողլուի գլխավորությամբ, կարծում է, որ կոտորած եղել է եւ պահանջում է բացել արխիվները: Մյուս մասը  դեմ է եւ պնդում է, որ ամեն ինչ տեղի է ունեցել Աթաթուրքի իշխանության տարիներին, նրա իմացությամբ. «Դա կուսակցության ներսում լուրջ խմորումներ է առաջացրել: Էրդողանը մեկ գնդակով երկու նապաստակ է սպանում`հարված է հասցնում կուսակցության վարկանիշին եւ, պառակտում առաջացնելով, թուլացնում եւ նվազեցնում է Աթաթուրքի հիմնադրած կուսակցությունը»:

Պատասխանելով ԺՀԿ-ի դերի մասին հարցին եւ այն հարցին, թե արդյոք այն սպառնալիք է ներկայացնում, Իսպիրյանը նշել է, որ, հաշվի առնելով նախորդ ընտրությունները, կարելի է ասել, որ կուսակցությունը վտանգ չի ներկայացնում, սակայն Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն է. «Եթե հիշենք, որ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության զգալի մասը չի կարող խորհրդարան մտնել բացառապես ներքին օրենսդրության պատճառով, այդ թվում` նաեւ Էրդողանը, ապա այդ պայմաններում ԺՀԿ-ն մեծ հնարավորություն է ստանում ավելացնել իր մանդատների թիվը: Տվյալ պայմաններում Էրդողանը, նսեմացնելով հակառակորդին, կարող է հասնել իր կուսակցության հաղթանակին եւ խորհրդարանում դրա մեծամասնությանը»:

Այն մասին, թե ինչ կտա դա հայերին, թուրքագետը տեսակետ է հայտնել, որ ուղիղ կապ փնտրելու համար դեռ շուտ է. «Սակայն, ասելով Դեսիմի կոտորած, բոլորի համար պարզ է, որ Հայոց ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքներն ապաստան էին գտել Դերսիմում եւ Դերսիմի կոտորածի զոհ են դարձել: Ուստի հերթական անգամ հարց է առաջանում` եթե կոտորածը դատապարտելի է, ինչո՞ւ Ցեղասպանությունը չի դատապարտվում»: