Ձեր աջակցությամբ պետք է կարողանանք հասնել Շարժման տրամաբանական ավարտին: Այս մասին Հրազդանում բնակիչների հետ հանդիպմանը ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից Գառնիկ Դանիելյանը։

«Հանդիպելով տարբեր մարզերում մեր հայրենակիցների հետ՝ կարող եմ ասել, որ վախի մթնոլորտի հաղթահարումն է ամենամեծ խնդիրը։ Այսինքն, այս պահին ոչ թե այն է խնդիրը, որ իշխող վարչախումբն ունի ժողովրդի աջակցությունը, այլ ժողովրդի միջից վախի մթնոլորտը դուրս հանելն է։ Մեր նպատակն է այդ վախի մթնոլորտը հաղթահարելը, ի վերջո կարողանանք մարդկանց ասել՝ չկա ավելի կարևոր նպատակ, քան հայրենիքի ազատագրումն է օկուպացիոն ռեժիմից», - ասաց նա։

Բագրատ Սրբազանն իր խոսքում նշեց, որ այցելությունները վերստին մարդկանց տեսնելու առիթ են։ «Այս շրջանը, պայքարի ամբողջ ընթացքը ոմանց համար տեսանելի է, ոմանց համար՝ ոչ։ Այս փուլը պետք է լինի մեր մտքերի պատրաստության փուլը, երբեք թույլ չտալու, որ բարիքի տեսքով չարիքը ներխուժի մեր մտածողության մեջ։ Շատ հարցերի պատասխան մենք գուցե չունենք, բայց մի հարցի պատասխան ունենք՝ մեր երկիրն ու մեր պատիվը վերականգնելն է, միջոցներն ու հնարավորությունները մեր ձեռքում են։ Հաղթանակը պետք է տեսնենք, ես տեսել եմ ու տեսնում եմ այդ հաղթանակը, և այդ ժամանակը շատ էլ հեռու չէ»,- ասաց նա։