Դանիայում փորձել են գարու օսլայից և շաքարի ճակնդեղի թափոններից այլընտրանքային պլաստիկ ստեղծել, որը շուտով կարող է հրաշալի պահեստարան դառնալ սննդի մնացորդների համար:

Ըստ լաբորատոր փորձարկումների, Կոպենհագենի համալսարանի ստեղծած նյութը բնության մեջ քայքայվում է մոտ երկու ամսում։

Մինչդեռ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, ստանդարտ պլաստիկի քայքայման համար 20-ից 500 տարի (կամ ավելի) է պահանջվում:

«Մենք ունենք պլաստիկ թափոնների հսկայական խնդիր, որը, թվում է, անհնար է լուծել վերամշակման միջոցով: Ուստի, մենք ստեղծեցինք կենսապլաստիկի նոր տեսակ, որն ավելի ամուր է և ավելի լավ է դիմանում ջրի ներգործությանը, քան գոյություն ունեցողները: Միևնույն ժամանակ, մեր նյութը 100%-ով կենսաքայքայվող է և միկրոօրգանիզմների ազդեցությամբ կարող է վերածվել կոմպոստի, եթե այն չհայտնվի աղբարկղում»,- ասել է հայտնագործության հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Անդրեաս Բլենոուն։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետների կարծիքով, աշխարհում պլաստիկի միայն 9%-ն է վերամշակվում: Դրա զգալի մասն այրվում է։ Կոպենհագենում պատրաստված նյութը համապատասխանում է իսկապես կենսաքայքայվող պլաստիկի ստեղծման պահանջներին:

Գարուց և ճակնդեղից ստեղծված պլաստիկը որպես շինանյութ է օգտագործում  ամիլոզը և ցելյուլոզը, որոնք հաճախ են հանդիպում բույսերում, պարզաբանում են գիտնականները ScienceDirect-ում հրապարակված հոդվածում: Արտադրությունը պարզեցնելու համար գիտնականների խումբը ամիլոզի բարձր պարունակությամբ գարու հատուկ տեսակ է ստեղծել, որի օսլան ջրի ազդեցությամբ մածուկի չի վերածվում: Շաքարի ճակնդեղի մանրաթելերը 1000 անգամ փոքր են բամբակի մանրաթելերից, ինչը ապահովում է նյութի բարձր ամրությունը։ Կենսապլաստիկը պատրաստվում է բաղադրիչները ջրի մեջ խառնելով կամ ճնշման տակ տաքացնելով:

Շրջակա միջավայրի աղտոտման պատճառներից մեկը միկրոպլաստիկն է, որը հայտնաբերվում է անգամ  մարդու արյան մեջ, ինչը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների։

Ավանդական պլաստիկի օգտագործումից հրաժարվելը կարող է նվազեցնել շրջակա միջավայր ներթափանցող միկրոպլաստիկի քանակը։