ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սիրվարդ Գևորգյանին ազատվեց արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրվարդ Գևորգյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է նաեւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել:
Մինչ այդ՝ սեպտեմբերի 5-ին, արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել Սիրվարդ Գևորգյանը, որի նշանակման շուրջ մեծ աղմուկ բարձրացավ:
Արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց հետո համացանցում սկսել էր շրջանառվել 2019-ին արված լուսանկար, որում Սիրվարդ Գևորգյանի հետ նաև վերջինիս համակուրսեցին՝ Ռոբերտ Քոչարյանի դուստրն է և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Լուսանկարում Սիրվարդ Գևորգյանի ձեռքին նկատելի է նաև Ռոբերտ Քոչարյանի գիրքը:
Սիրվարդ Գևորգյանը սեպտեմբերի 26-ին հայտնեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:





























