Հայաստանում 2024թ. հունվար-սեպտեմբերին հարկային եկամուտներն ավելացել են մոտ 7 տոկոսով։ Այս մասին նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը։
Նրա խոսքով՝ 2024թ. հունվար-սեպտեմբերին հարկային եկամուտները կազմել են 1,767 մլրդ դրամ, ինչը 112,7 մլրդ դրաով կամ 6,8 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ «Մինչեւ տարեվերջ այդ դինամիկան վերընթաց կունենա։ Այսինքն՝ մենք բարելավում կունենանք»,- հավաստիացրել է Բադասյանը։
Նա նաեւ տեղեկացրել է, որ ընթացիկ պահին գրանցվել է 768 աշխատատեղ, ինչը 42,5 հազարով ավելի է անցած տարվա համեմատ։ «Շնորհիվ հարկային վարչարարության պետբյուջե հավելյալ ուղարկվել է 133,9 մլրդ դրամ, ինչը 38,5 մլրդ դրամով ավելի է, քան անցած տարի»,- ավելացրել է պաշտոնյան։
Ռուստամ Բադասյանը նաեւ նշել է, որ ձեռնարկվում են հարկերի հավաքման ծախսերի նվազեցման միջոցներ։ Նրա խոսքով՝ ընթացիկ պահին 100 դրամի հավաքման վրա ծախսվում է 1,18 դրամ, այն դեպքում, երբ նախատեսված է այս ցուցանիշի նվազում մինչեւ 1 դրամից պակաս։





























