Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը երեկ քրեական օրենսգրքի 258 (Խուլիգանություն) հոդվածով մեղադրանք է առաջադրել անչափահասներ Հերբերտ Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ 14-ամյա Գեւորգյանն ու 16-ամյա Մուրադյանը, ինչպես նաեւ այժմ կալանավորված Տիգրան Առաքելյանը հուլիսի 1-ին հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկները տարածելու ժամանակ հարձակման ու դաժան ծեծի էին ենթարկվել ոստիկանների կողմից եւ տեղափոխվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Սահակ Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը, իսկ անչափահաս Հերբերտ Գեւորգյանը հանձնվել է հոր՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի պատասխանատու խմբագիր Հայկ Գեւորգյանի հսկողությանը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Գեւորգյանը նշեց, որ երեխաների նկատմամբ շինծու քրեական գործ է հարուցված: «Իշխանություններին ձեռք չի տալիս, որ Հայաստանում լինեն այսպիսի կիրթ, իրենց իրավունքնեին քաջածանոթ, քաջ ու խիզախ երեխաներ: Իրենց պետք է, որ լինեն օլիգարխների լակոտների պես երեխաներ»,- նշեց Հայկ Գեւորգյանը եւ հավելեց, որ պատրաստ են պայքարել իրավունքների համար մինչեւ վերջ:
Լուսանկարը՝ Հայքի



























