Նոր հնագիտական հետազոտությունը, որն իրականացվել է Իսրայելի հյուսիսում, Հորդանան գետի ափերին, առաջարկում է թարմ մոտեցում մինչպատմական մարդկանց սննդային սովորությունների մասին։
Պարզվում է, որ վաղ շրջանի որսորդ-հավաքողներն ավելի շատ ապավինել են բուսական սննդին, քան մսին: Հակառակ տարածված կարծիքի՝ վաղ մարդակերպերի սննդակարգը բաղկացած էր ոչ միայն կենդանական սպիտակուցից, այլեւ ներառում էր մի շարք բուսական մթերքներ, այդ թվում՝ կաղին, ձավարեղեն, հատիկներ եւ ջրային բույսեր:
Պալեոանթրոպոլոգները Գեշեր Բնոտ Յաակովի մոտ հայտնաբերել են օսլայի հատիկներ, որոնք մոտ 780 հազար տարեկան են եւ հայտնաբերվել են բազալտե գործիքների վրա: Հուլա լճի ափին հայտնաբերվել են հնագույն բնակավայրերի ավելի քան 20 մշակութային շերտեր, կենդանիների բրածո եւ բույսերի մնացորդներ, գրել է Phys.org-ը։ https://phys.org/news/2025-01-archaeological-paleo-diet- narrative-ancient.html
Ենթադրվում էր, որ այն ժամանակ մարդիկ հիմնականում սնվում էին կենդանական սնունդով, քանի որ գիտնականները հայտնաբերել են կենդանիների ոսկորներ, իսկ բուսական սննդի մնացորդները սովորաբար չեն պահպանվում, հայտնել է nauka.tv-ն։ Բայց գործիքների վրա օսլայի հատիկների հայտնաբերումը շատ բան կարող է վկայել: Պարզվել է, որ ժամանակակից մարդկանց նախնիները գործիքներով մշակել են տարբեր բույսեր, այդ թվում՝ կաղին, հացահատիկ, հատիկավոր ընդեղեն: Նույնիսկ Հուլա լճի վրա աճող ջրաշուշաններ ու ջրային շագանակներ են կերել։
Ըստ երեւույթին, վաղ հոմինիդները ամբողջ տարի հավաքում էին բույսերի լայն տեսականի, որոնք մշակում էին բազալտե գործիքների միջոցով: Հետազոտողները հայտնաբերել են նաեւ մանրադիտակային մնացորդներ՝ ծաղկափոշու հատիկներ, կրծողների մորթի եւ փետուրներ: Դրանց մշակման համար գործիքների օգտագործումը վկայում է համագործակցության բարձր մակարդակի մասին:
Հոմինիդներն ապրել են սոցիալական մեծ խմբերով, եւ տարբեր ռեսուրսներ օգատգործելու նրանց կարողությունը հուշում է նրանց խոր գիտելիքների մասին:





























