Լեհաստանում հայտնաբերված 18․000-ամյա մարդկային մնացորդների ուսումնասիրությունը հանգեցրել է ապշեցուցիչ բացահայտման. մարդակերությունը, հավանաբար, լայն տարածում գտած մշակութային պրակտիկա է եղել պալեոլիթյան խմբերի շրջանում:

Կրակովից հյուսիս գտնվող Մաշիցկա քարանձավը 19-20-րդ դարերին հնագիտական պեղումների ​​վայր է եղել: Սակայն քարանձավի գաղտնիքների ավելի խորը ըմբռնումը միայն վերջերս է հնարավոր դարձել՝ շնորհիվ կենդանիների ոսկորների կողքին հայտնաբերված մարդկային կմախքների ժամանակակից 3D մանրադիտակի կիրառմամբ ուսումնասիրության:

Հետազոտողների միջազգային թիմը լրացուցիչ ապացույցներ է գտել, որոնք հաստատում են ավելի վաղ այն բացահայտումները, որ քարանձավում հայտնաբերված մարդկային մնացորդներն իսկապես կերվել են:

Օգտագործելով այս կոնկրետ վերլուծությունը՝ հետազոտողները համեմատել են մարդակերության այս դեպքը նույն ժամանակաշրջանում ապրած այլ նախապատմական խմբերի նմանատիպ պրակտիկաների հետ: Չնայած նրան, որ սա, ըստ երևույթին, ինչ-որ ծես է եղել, այն նաև տարբերվում է այլ հայտնի օրինակներից:

Ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում, ցույց է տալիս, որ Մաշիցկա քարանձավում բնակված մագդալենյան համայնքները մարդակերությամբ էին զբաղվում՝ բացելով նոր պատկերացումներ նախապատմական մարդկանց ծիսական գործելակերպի վերաբերյալ:

Տեխնոլոգիաների առաջընթացը, մասնավորապես՝ 3D մանրադիտակի կիրառումը, թույլ տվեց հետազոտական ​​թիմին աննախադեպ մանրամասնությամբ վերլուծել 63 ոսկրային բեկորներ:

Կտրվածքների և ոսկրածուծի հեռացման հետքերի առկայությունը ցույց է տվել, որ մարդիկ սպանվել են ուտելու համար: Մշակումն, ըստ երևույթին, իրականացվել է մահվանից անմիջապես հետո, հավանաբար քայքայումը կանխելու համար: