Հայաստանի Ռամկավար-ազաtական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանն այսօր կրկին ասուլիս է տվել՝ պարզաբանումներ տալով «Նաիրիտի» եւ իր հակամարտության վերաբերյալ: Հիշեցնենք, որ օրերս դատարանը հետախուզում էր հայտարարել Առաքելյանի նկատմամբ, իբր նրա ղեկավարած «Ջանգո-քիմ» ընկերությունը մեծ պարտքեր ունի «Նաիրիտին»: Ի դեպ, Առաքելյանի դեմ հետապնդումը սկսվեց, երբ նա հայտարարեց, որ «Նաիրիտ» գործարանի իրական սեփականատերը վարչապետ Տիգրան Սարգսյանն է իր եղբայրների հետ, եւ այնտեղ ահռելի ապօրինություններ են կատարվում:
Հարություն Առաքելյանը նշել է, որ ինքը 1987թ. սկսած համագործակցել է «Նաիրիտի» հետ, երբ սկսեցին ստեղծվել կոոպերատիվ ընկերությունները: «Ջանգոքիմ» ընկերությունն Առաքելյանը սկսել է գլխավորել 2005թ.-ից սկսած, սակայն մոտ 6 ամիս առաջ պետությունն իր ձեռքից խլել է այդ ընկերությունը, որն այնուհետեւ սնանկ է ճանաչվել:
Ըստ Առաքելյանի, դատական հայցը ներկայացվել է իրեն վարկաբեկելու նպատակով, սակայն սփյուռքի ՀՌԱԿ-ի տարբեր կառույցների ղեկավարներ նամակով դիմել են նախագահին` պահանջելով վերջ դնել ապօրինություններին:



























