ԵՄ արտաքին գործերի նախարար Քաջա Կալլասը կարծում է, որ Ուկրաինայում ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ-ից ստացվող հաղորդագրությունները պարունակում են ռուսական նարատիվներ, գրում է The Guardian-ը։

Լրագրողների հետ զրույցում Կալլասը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին «բռնապետ» է անվանել։

«Եթե նայեք Միացյալ Նահանգներից եկող հաղորդագրություններին, ապա պարզ է, որ այնտեղ ռուսական նարատիվը շատ ուժեղ է ներկայացված», - ընդգծել է Կալլասը:

Միևնույն ժամանակ, Կալլասը Զելենսկու վերաբերյալ Թրամփի հայտարարությունները «բավականին հետաքրքիր» է անվանել։

«Այս հայտարարությունները բավականին հետաքրքիր են։ Նկատի ունեմ «բռնապետ» բառը: Սկզբում, երբ ես լսեցի այս մասին, վստահ էի, որ նա (Թրամփը) սխալվել է և շփոթել է երկու հոգու, քանի որ Պուտինը ընտրություններ չի ունեցել, 25 տարի Ռուսաստանում ընտրություններ չեն եղել»,- ասել է նա։

Կալլասը նկատել է, որ նախագահ «Զելենսկին ընտրվել է ազատ և արդար ընտրություններում»։

«Պատերազմի ժամանակ ընտրություններ չեն կարող լինել: Շատ երկրներ իրենց սահմանադրություններում նման կետեր ունեն։ Ինչո՞ւ։ Որովհետև ընտրություններում դուք միշտ պայքարում եք իրար մեջ, և սա այն իրավիճակը չէ, երբ դուք իրականում ունեք արտաքին թշնամի, որի վրա պետք է կենտրոնացնեք ձեր ուժերը»,- բացատրել է նա իր դիրքորոշումը Ուկրաինայում հնարավոր ընտրությունների վերաբերյալ։