Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ստուգումները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում։ Այս մասին դեկտեմբերի 22-ին կայացած ասուլիսում հայտնեց «ՀԷՑ» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարվա սկզբին որոշակի լուծում կլինի։ «Դուք գիտեք, որ մենք բողոքարկել ենք «ՀԷՑ»-ի նկատմամբ հարկայինի կազմած ակտը, եւ այդ բողոքարկման հարցի կապակցությամբ այսօր աշխատանք է տարվում։ Հույս ումենք, որ հաջորդ տարվա առաջին եռամսյակում այս հարցում որոշակիացում կլինի»,- ասաց Բիբինը՝ ավելացնելով, որ ընկերությունը պետեկամուտների կոմիտեի աշխատում է բաց եւ թափանցիկ, եւ հետաքրքրած հարցերի վերաբերյալ փորձում են ամբողջական եւ օբյեկտիվ պատասխաններ տրամադրել։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն այս տարվա հոկտեմբերին խուզարկություններ էր սկսել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բոլոր մասնաճյուղերում, որի ընթացքում առգրավվել էին կարեւոր փաստաթղթեր։

Խուզարկությունը սկսվել էր հարկային ստուգման արդյուքնում հարուցված քրեական գործի շրջանակում։ ՊԵԿ-ը համոզված է, որ «ՀԷՑ»-ը պետական բյուջե չի վճարել շահութահարկի, եկամտահարկի, ավելացրած արժեքի հարկի եւ պարտադիր սոցվճարների մի մասը։ Ամբողջական գումարը կազմում է մոտ 1,9 մլրդ դրամ։

«ՀԷՑ»-ն այս կապակցությամբ բողոք էր ներկայացրել ՊԵԿ-ի վերաքննիչ հանձնաժողով։