«Կոնվերս» բանկի բարեգործական ակցիայի անվան տակ խարդախները քաղաքացիներից գումարներ են հավաքում։ Այս մասին նշված է բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Հայտարարությունում մասնավորապես ասված է, որ որոշ անպատասխանատու քաղաքացիներ շահարկելով բանկի կողմից իրականացվող «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիան` բանկի տարածքից դուրս գումարներ են հավաքում: «Կոնվերս» բանկը պաշտոնապես հայտարարում է, որ այդ խաբեբաները որեւէ առնչություն չունեն բանկի հետ։ Նրանք պախարակում են բանկի բարի անունն ու համբավը: Բանկը բարեգործական ակցիա է իրականացնում ԲԱՑԱՌԱՊԵՍ բանկի տարածքում»,- նշված է հայտարարությունում:
«Կոնվերս» բանկը զգուշացնում է չտրվել խաբեբաների սադրանքներին եւ զերծ մնալ խաբեբաների դրամահավաքության մասնակիցը դառնալուց:
Նշենք, որ «Կոնվերս» բանկի «Դարձիր Ձմեռ պապ» բարեգործական ակցիան ուղղված է մանկատան երեխաներին աջակցելուն։




























