Աշխարհի առաջնորդները շարունակում են աջակցություն հայտնել Ուկրաինային՝ Սպիտակ տանը սկանդալից հետո։

«Ոչ ոք խաղաղություն չի ուզում ավելի, քան Ուկրաինայի քաղաքացիները: Այդ իսկ պատճառով մենք միասին աշխատում ենք՝ գտնելու համար ճանապարհ դեպի կայուն և արդար խաղաղություն: Ուկրաինան կարող է հույսը դնել Գերմանիայի և Եվրոպայի վրա»,- նշել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնել է գերմանական Deutsche Welle պարբերականը։

«Ձեր արժանապատվությունը պատիվ է տալիս ուկրաինացի ժողովրդի քաջությանը։ Եղեք ուժեղ, համարձակ, անվախ: Դուք երբեք միայնակ չեք, հարգելի նախագահ Զելենսկի։ Մենք կշարունակենք աշխատել ձեզ հետ՝ հանուն արդար և երկարատև խաղաղության»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ըստ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի՝ «Ուկրաինան կարող է հույս դնել Գերմանիայի, Եվրոպայի և այլ երկրների անսասան աջակցության վրա։ Ժողովրդավարության նրանց պաշտպանությունը և խաղաղության ու անվտանգության ձգտումը նույնպես մեր խնդիրն է»,- հաղորդում է BBC-ն։

«Հարգելի՛ Վլադիմիր Զելենսկի, մենք Ուկրաինայի կողքին ենք լավ և դժվար ժամանակներում։ Մենք երբեք չպետք է շփոթենք ագրեսորին և զոհին այս սարսափելի պատերազմում»,- գրել է Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քայա Կալլասը գրել է.

«Ուկրաինան Եվրոպա է:

Մենք աջակցում ենք Ուկրաինային:

Մենք կամրապնդենք մեր աջակցությունը Ուկրաինային, որպեսզի նա կարողանա շարունակել ագրեսորի դեմ հակահարվածը։

Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին նոր առաջնորդ է պետք։ Մենք՝ եվրոպացիներս, պետք է դիմագրավենք այս մարտահրավերին»: