Ֆրանսիայի ընդդիմադիր «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը կիրակի օրը հայտարարել է, որ խաղաղ ճանապարհով կպայքարի նախագահական ընտրություններում առաջադրվելու իր հնգամյա արգելքը չեղարկելու համար և ոգեշնչում կստանա քաղաքացիական իրավունքների պայքարի ամերիկացի սպանված մարտիկ Մարտին Լյութեր Քինգ-կրտսերից, հայտնում է Reuters-ը։
«Մենք օրինակ կվերցնենք Մարտին Լյութեր Քինգից,- ասել է Լը Պենը Մատեո Սալվինիի «Լիգա» կուսակցությանն ուղղված տեսաուղերձում, որը հանրահավաք էր անցկացնում Ֆլորենցիայում:- Մեր պայքարը լինելու է խաղաղ, ժողովրդավարական։ Մենք կհետևենք Մարտին Լյութեր Քինգի օրինակին, որը պաշտպանում էր քաղաքացիական իրավունքները»:
«Մենք կօգտագործենք բոլոր գործիքներն ու իրավաբանական միջոցները, որպեսզի հնարավորություն ունենանք դրսևորել մեզ նախագահական ընտրություններում»,- ասել է նա։
Մարին Լը Պենի կողմնակիցները կիրակի կեսօրին հավաքվել են Փարիզի կենտրոնում՝ խաղաղ բողոքի ցույցի համար, ինչը վկայում է ընդդիմադիր քաղաքական գործչի լայն աջակցության մասին։
Անցյալ շաբաթ Փարիզի դատարանը Լը Պենին և «Ազգային միավորում» կուսակցության երկու տասնյակ անդամների մեղավոր է ճանաչել ԵՄ ֆինանսական միջոցները յուրացնելու մեջ և որոշում է ընդունել, որով Լը Պենին արգելվում է մասնակցել 2027 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, եթե 18 ամսվա ընթացքում նա չհասնի որոշման չեղարկմանը:
Դատարանի որոշումը ծանր հարված էր 56-ամյա Լը Պենի համար։ «Ազգային միավորում» կուսակցության ղեկավարը Եվրոպայում ծայրահեղ աջերի ամենանշանավոր դեմքերից է և առաջատարն է 2027 թվականի ֆրանսիական ընտրությունների սոցիոլոգիական հարցումներով։
Շաբաթ օրը Elabe-ի սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ Լը Պենը մնում է նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու ֆավորիտը՝ ստանալով ձայների 32%-ից 36%-ը՝ առաջ անցնելով նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպից, որը ստացել է ձայների 20,5%-ից 24%-ը: Լը Պենը բողոքարկել է որոշումը, իսկ դատարանը հայտարարել է, որ բողոքների վերաբերյալ որոշում կկայացնի 2026 թվականի ամռանը։





























