Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) վերընտրել է իր նախագահին կիրակի օրը՝ Ստամբուլի քաղաքապետի՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակցի, ձերբակալությունից երկու շաբաթ անց, հայտնում է Associated Press-ը։
Օզգյուր Օզելը վերընտրվել է ԺՀԿ-ի արտահերթ համագումարում, որը նա գումարել էր, որպեսզի կանխի «կուսակցության համար պատասխանատու անձի նշանակման նպատակով կառավարության դավադրությունը»։
Հունաստանի նախկին վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն և Եվրախորհրդարանի Եվրոպական սոցիալիստների կուսակցության պատվիրակությունը շաբաթ օրը այցելել են ԺՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնելու «բոլոր այն մարդկանց, որոնք պայքարում են Թուրքիայում ժողովրդավարության և օրենքի գերակայության համար»։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Պապանդրեուն ներկա է եղել նաև կիրակի օրը կայացած համագումարին։
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը կոռուպցիայի մեղադրանքով հակակառավարական լայնածավալ բողոքի ցույցեր է առաջացրել։
Իմամօղլուն դարձել է Էրդողանի գլխավոր մրցակիցը 2019 թվականին Ստամբուլի քաղաքապետ ընտրվելուց հետո։
Ընդդիմությունն ասում է, որ Իմամօղլուի դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, մինչդեռ իշխանությունները պնդում են, որ դատական համակարգը անկախ է և զերծ քաղաքական միջամտությունից:
Բանտում լինելով՝ Իմամօղլուն հաստատվել է ԺՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու 2028 թվականին նախատեսված ընտրություններում, որոնք, ամենայն հավանականությամբ, ավելի վաղ կկայանան։





























