Երկար սանդուղքը տանում է դեպի բլրի գագաթը։ Թփերի մեջ թռչկոտում են մորեխները, արևը սկսում է դաղել։ Վերջապես, աստիճաններն ավարտվում են և բացվում է բերդի պարսպի թովիչ պատկերը։ Հսկայական գլաքարերը կոկիկ շարված են իրար վրա։ Հրակնատներ պատի մեջ: Դա Արին-Բերդ բլրին Էրեբունի ամրոցն է։ Գրեթե երեք հազար տարի առաջ մեր նախնիներն ապրել են այստեղ, երեխաներ են մեծացրել և աշխույժ առևտուր են արել։

Երևակայությունն ամբողջացնում է պարսպի կորած աղյուսը, վերականգնում է որմնանկարներն ու սյուները, և ահա բերդը կենդանանում է՝ լցված հնագույն բնակավայրի աղմուկով և գվվոցով, և կարելի է պատկերացնել, թե ինչպես են բերդի բնակիչներն ու քրմերը շտապում իրենց գործերով։ Բերդի մուտքի հրապարակում վաճառողները շարում են իրենց ապրանքները՝ կապույտ և մանուշակագույն սալոր, կարմրաթուշ դեղձ, վարդագույն և ոսկեգույն խաղող։ Մոտակայքում մեծ զամբյուղներում կան նուշ և պնդուկ: Իսկ սափորների, գործվածքների և շատ ավելին կոկիկ շարքերը փայլում են արևի տակ: Պայտերի համաչափ թխկոցն ազդարարում է, որ ձիավորը հովտից դեպի բերդ է սլանում։

9714c440-d918-499a-bf32-970d50faba38.jpg (34 KB)

Դոփյուններն ուժեղանում են և դառնում ավելի ու ավելի համառ։ Մի խումբ տղաների հայտնվելուն պես դուրս եմ գալիս երազանքների աշխարհ կատարած իմ ուղևորությունից: Դպրոցականներն էքսկուրսիայի են եկել: Ամենևին հաշվի չնստելով այն փաստի հետ, որ իրենց հետևում են երեսուն հարյուրամյակի խորքից՝ տղաները ցատկում են փրկված պատերի երկայնքով՝ շրջակայքը լցնելով իրենց ճիչերով։

Վերադառնալով իրականություն՝ շարունակում ենք Էրեբունիով մեր ճանապարհորդությունը։ Ինչպես պարզվեց ավելի ուշ, մուտքի քարտեզը բերդի սենյակների գտնվելու միակ տեղեկատուն էր։ Ոչ մի ցուցանակ, բացառությամբ, իհարկե, զանազան արգելքների մասին փակցված վահանակների՝ չծխե՛լ, չլուսանկարե՛լ, աղբ չթափե՛լ և այլն և այլն: Միևնույն ժամանակ, բացարձակապես անհասկանալի է, թե ով է վերահսկելու այդ արգելքների կատարումը։

b95c9dcd-3412-46d9-a115-48795850cf27.jpg (43 KB)

Այժմ թանգարան և բերդ այցելելը վճարովի է դարձել, արժեքը ավելի քան չափավոր է։ Նախկինում կարելի էր շրջել բերդով, առանց որևէ մեկի թույլտվությունը հարցնելու: Արդյունքում, տարածքի պատերը զարդարված են «Վասյան այստեղ է եղել» կարգի հարյուրավոր խզբզոցներով։

Գլխավոր պալատի հիասքանչ կապույտ որմնանկարների վրա արդեն երկար տարիներ «Բաբոն», «Սաքոն» և մյուս գրություններն ազդարարում են իրենց գոյության մասին, և ես խիստ կասկածում եմ, որ դա ամենանշանավոր բանն է, որ նրանք հաջողացրել են իրագործել այս անցավոր կյանքում։ Հավերժության վրա թքելու պես մի բան է, հանկարծ ու հետ չմնան Արգիշտի թագավորից, թողնել արձանագրություն սեփական անձի մասին, թեկուզ՝ ոչ սեպագիր:

68cff573-ec7e-439a-9a68-a48f418039b1.jpg (41 KB)

Առաջին՝ «ինչո՞ւ» հարցից հետո մի այլ հարց է ծագում՝ ինչպե՞ս: Հրեշավոր ինքնագրերը քերծված են մի քանի մետր բարձրության վրա, և դրանց ստեղծողների ճարտարությանը կնախանձեին «Կիսան և Օսյա»-ն Խաչի լեռնանցքից (Իլֆի և Պետրովի «Տասներկու աթոռներ»-ից -խմբ.)։ Դրանք արվել են այնքան մանրակրկիտ, որ հավանաբար մեկ ժամից ավելի է պահանջվել: Եվ, իհարկե, պատմական հուշարձանի բոլոր այցելուները պետք է իմանան, որ А+О=Л: Դատելով արձանագրությունների քանակից՝ հազարամյա որմնանկարների ոչնչացմամբ տարվել էր մի քանի սերունդ։

Հավասարը չունեցող գանձը, որով ոչ բոլոր ազգերը կարող են պարծենալ, ըստ էության առանձնապես պաշտպանված չէ և չի գնահատվում: Միջնաբերդը, որը կարող է գրավել հազարավոր զբոսաշրջիկների, իշխանությունների ավելի մեծ ուշադրության և խնամքով վերաբերմունքի կարիքն ունի։

ef6e40dd-e113-4243-9d35-e94af14f41e2.jpg (58 KB)