Բրիտանիայի արքայազն Էնդրյուի նախկին սիրեցյալը քննադատության է ենթարկվել Վիրջինիա Ջուֆրեի մահվան առիթով իր «հիվանդագին» արձագանքի համար, հաղորդում է The Sun-ը։

48-ամյա լեդի Վիկտորիա Հերվեյը կիսվել է մի հոդվածի հղումով, որում մանրամասն նկարագրվում է Վիրջինիայի մահը՝ երեկ երեկոյան ինքնասպան լինելուց հետո։

Նա գրառմանը ավելացրել է հետևյալ տողը. «Երբ սուտը հասնում է քեզ, ելք չկա»։ Համացանցում արագորեն հայտնվեցին պատասխաններ, որոնցում Վիկտորիային անվանվում էին «հիվանդ» և ասվում էր, որ նա «լեդի չէ»։

Հոդվածը հրապարակելուց և հսկայական արձագանք ստանալուց ընդամենը երկու ժամ անց Վիկտորիան պատասխանեց՝ջնջելով իր սկզբնական գրառումը։

«Ես որոշել եմ ժամանակավորապես դադարեցնել Վիրջինիա Ջուֆրեի մասին իմ հոդվածների հրապարակումը։ Անկախ հանգամանքներից, ինքնասպանությունը ողբերգություն է ցանկացած մարդու համար ցանկացած ժամանակ, և առավել ևս՝ երեխաներ ունեցող երիտասարդ մոր համար», - հայտարարել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջուֆրեն ինքնասպան է եղել Ավստրալիայի իր ֆերմայում։

Ջուֆրեն ուներ երեք երեխա՝ Քրիստիանը, Նոան և Էմիլին։

Այս ամսվա սկզբին Ջուֆրեն սոցիալական ցանցերում գրառում էր արել, որ իրեն մնացել է ընդամենը մի քանի օր ապրելու այն բանից հետո, երբ իր մեքենային հարվածել է դպրոցական ավտոբուսը։

Արևմտյան Ավստրալիայի ոստիկանությունը ավելի ուշ հաստատեց, որ մարտի 24-ին ավտոբուսի հետ բախված մեքենայում 41-ամյա կին է եղել, սակայն վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել։ Պարզվել է, որ Ջուֆրեն ապրիլի 1-ին ընդունվել է Պերթի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք։

Ջուֆրեն Էպշտեյնի ամենահայտնի զոհերից մեկն էր։ Նա պնդում էր, որ դեռահաս տարիքից սեռական բռնության է ենթարկվել նրա և նրա վաղեմի ընկերուհի Ջիսլեյն Մաքսվելի կողմից։

2021 թվականին Ջուֆրեն քաղաքացիական հայց ներկայացրեց արքայազն Էնդրյուի դեմ Նյու Յորքի դաշնային դատարան՝ պնդելով, որ նա երեք անգամ սեռական բռնության է ենթարկել իրեն, երբ ինքը 17 տարեկան էր։

Էնդրյուն բազմիցս հերքել է մեղադրանքները։

2022 թվականին արքայազն Էնդրյուն և Ջուֆրեն արտադատական կարգավորման մասին համաձայնության եկան՝ չբացահայտված գումարի դիմաց։