Իսրայելը մերժել է Գազայի հատվածում հնգամյա հրադադարի առաջարկը՝ արմատականների կողմից պատանդներին ազատ արձակելու դիմաց։ Դրա մասին հայտնել է Kan պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով Իսրայելի քաղաքական համակարգի աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ ապրիլի 27-ին արմատական ՀԱՄԱՍ շարժման աղբյուրները հայտնել են, որ կազմակերպության պատվիրակությունը Դոհայում և Կահիրեում ներկայացրել է Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու ընդհանուր տեսլական, դրանց թվում՝ հնգամյա հրադադարի գաղափարը։ Այդ ընթացքում, ըստ ՀԱՄԱՍ-ի առաջարկի, պետք է իրականացվի իսրայելական բանակի լիակատար դուրսբերում Գազայից, և սկսվի հատվածի վերակառուցումը՝ միաժամանակ վերացնելով անկլավի շրջափակումը։ Ըստ Kan-ի՝ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հրաժարվել է քննարկել կազմակերպության զինաթափման հարցը։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հունվարի 15-ին համաձայնության եկան ազատ արձակել Գազայում պահվող պատանդներին և անկլավում հրադադար հաստատել։ Եռափուլ համաձայնագիրը ուժի մեջ մտավ հունվարի 19-ին, որի առաջին փուլն ավարտվեց մարտի 1-ին: Ենթադրվում էր, որ համաձայնագրի առաջին փուլի ընթացքում կողմերը կհամաձայնվեն իրականացնել հրադադարի երկրորդ փուլը, սակայն դա երբեք տեղի չի ունեցել:
Իսրայելի բանակը մարտի 18-ին վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ սկսելով զանգվածային հարվածներ անկլավի դեմ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրեց նրանով, որ արմատական պաղեստինյան « ՀԱՄԱՍ» շարժումը մերժել է միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ութքոֆի կողմից բանակցությունների ընթացքում ներկայացված առաջարկները՝ նշելով, որ այդ հատվածում գործողության նպատակը բոլոր պատանդներին ազատ արձակելն է։ Ռադիկալները ռազմական գործողությունների վերսկսման համար մեղադրեցին Իսրայելին և Միացյալ Նահանգներին։





























