Պակիստանը ռազմավարական որոշումներ է ընդունել Հնդկաստանի հետ հերթական հակամարտությունից հետո։ Սակայն միջուկային զենքի կիրառումը վերջին միջոցն է, Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Մուհամմադ Ասիֆը։
«Մենք ուժեղացրել ենք մեր զորքերը, քանի որ դա (հնդկական ներխուժումը) անխուսափելի բան է։ Այս իրավիճակում անհրաժեշտ է որոշ ռազմավարական որոշումներ ընբունել, և այդ որոշումներն արդեն ընդունվել են», - ընդգծել է Ասիֆը՝ մեկնաբանելով Հնդկաստանի հետ հակամարտությունը։
Նա հավելել է, որ Հնդկաստանի հռետորաբանությունը կոշտացել է, և որ Պակիստանի զինվորականները կառավարությանը տեղեկացրել են Հնդկաստանի կողմից հարձակման հնարավորության մասին։
Նախարարը միաժամանակ չի մանրամասնել այն պատճառները, թե ինչու է նա կարծում, որ հնդկական ներխուժումն անխուսափելի է։
Ասիֆը նշել է, որ Պակիստանը մարտական բարձր պատրաստվածության վիճակում է։ Նա շեշտել է, որ երկիրը կօգտագործի իր միջուկային զենքի զինանոցը միայն այն դեպքում, եթե «իր գոյությանը անմիջական սպառնալիք ծագի»։
Հիշեցնենք, որ վերջերս զինյալները հարձակվել էին Քաշմիրի շրջանում զբոսաշրջիկների խմբի վրա։ Ականատեսների վկայությամբ՝ ահաբեկիչները սպանել են միայն հինդուիզմ դավանողներին։
Հնդկաստանը այդ ահաբեկչական հարձակում կազմակերպելու մեջ մեղադրել է Պակիստանին։ Դելին նաև ժամանակավորապես դուրս է եկել Իսլամաբադի հետ կնքված Ինդոսի ջրերի մասին համաձայնագրից։





























