Վստահ եմ, որ նախագահ Ալիևը բավական ջանքեր է գործադրել ամբողջ աշխարհում պետական գործչի, խաղաղարարի և միջկրոնական երկխոսության առաջնորդի կերպար ստեղծելու համար։ Իրականում նա բռնապետ է, որը 2003 թվականից ի վեր կառավարում է երկաթե բռունցքով։ Դրա մասին այսօր՝ ապրիլի 29-ին, ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավական խորհրդատու Ջարեդ Գենսերը։
«Դուք պարտավոր չեք իմ խոսքերին հավատալ։ Նրա ղեկավարության վերաբերյալ անկախ գնահատականները չէին կարող ավելի քննադատական լինել։ Ըստ Freedom House-ի 2025 թվականի համաշխարհային զեկույցի՝ Ադրբեջանը ստացել է 100-77 միավոր, ինչը նրան դասում է Աֆղանստանի և Բելառուսի միջև», -շեշտել է Ջարեդ Գենսերը։
Իրավապաշտպանը հիշեցրել է, որ վերջերս՝ 2024 թվականի փետրվարին, Ալիևը վերընտրվել է ընտրություններում, որոնք լայնորեն քննադատվել են և համարվել են ո՛չ ազատ, ո՛չ էլ արդար։
«Բացի դրանից, ըստ Քաղբանտարկյալների ազատության միության, Ադրբեջանում ներկայում կա 357 քաղբանտարկյալ, և դա նույնիսկ չի ներառում հայերին... Իր կոռուպցիայի ընկալման ինդեքսում Transparency International-ն Ադրբեջանին դասել է 154-րդ տեղում աշխարհի 200 երկրների շարքում։ Եվ իր զեկույցում ընդգծում է, որ ռեժիմը, մեջբերում եմ. «Միլիոնավոր դոլարներ է ծախսել ժողովրդավարական երկրներում հասարակական կարծիք ձևավորելու ունակ անհատներին կաշառելու համար»։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մամուլի ազատության առումով Ադրբեջանն աշխարհի 180 երկրների շարքում դասել է 164-րդ տեղում», - նշել է Ջարեդ Գենսերը։
Նա ընդգծել է, որ այսօր ադրբեջանական գերության մեջ են գտնվում ոչ միայն 15 հայ գերիներ, այլև նախորդ հակամարտությունների ժամանակ առևանգված մի շարք այլ քաղբանտարկյալներ։
Ըստ Գենսերի՝ զարմանալի չէ, որ անցյալ տարվա նոյեմբերին COP 29 կլիմայական համաժողովից հետո Ալիևը միայն ամրապնդեց իր իշխանությունը՝ հավատալով, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի, Գազայի և այլ երկրներում ընթացող հակամարտությունների վրա։
«Սակայն այսօր մենք բոլորս պետք է համոզվենք, որ դա տեղի չի ունենա»,- ընդգծել է Գենսերը։





























