Ֆրանսիացիների 80%-ից ավելին կողմ կլիներ մոտ ժամանակներս խորհրդակցական հանրահավաք անցկացնելու գաղափարին՝ այն հարցերի շուրջ, որոնք ամենից շատ են անհանգստացնում հասարակությանը, հայտնում է BFMTV-ն։

Հեռուստաալիքի պատվերով Elabe-ի անցկացրած հարցման համաձայն, որի արդյունքները հրապարակվել են մայիսի 11-ին, ֆրանսիացիների 83%-ը հավանություն է տալիս հանրաքվեի գաղափարին այն հարցերի շուրջ, որոնք ամենից շատ են անհանգստացնում հասարակությանը, օրինակ՝ պետական պարտքը և ծախսերը, հարկումը, կենսաթոշակային բարեփոխումը և ներգաղթը։

Հասարակական կարծիքի ուսումնասիրությունն անցկացվել է այն լուրերի ֆոնին, որ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ կարող է հանդես գալ նման հանրաքվեի գաղափարով։

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն մայիսի սկզբին հայտարարել էր, որ կառավարությունում մտածում են հանրաքվեի դնել պետական կառավարման և ծախսերի զգալի բարեփոխման ծրագիրը՝ ծախսերը կրճատելու և բյուջեի պակասուրդը նվազեցնելու փորձերի ֆոնին։ Ներքին գործերի նախարարն իր հերթին ասել է, որ ֆրանսիացիների հետ արժե խորհրդակցել միգրացիոն քաղաքականության հարցերի շուրջ (ի դեպ, իրավաբանները կասկածի տակ են դնում, որ դա կհամապատասխանի օրենքին)։

Հարցված ֆրանսիացիների 59%-ը կցանկանար հանրաքվե անցկացնել պետական պարտքի, ծախսերի և հարկման հարցերով։

22%-ը նախապատվությունը կտար կենսաթոշակային բարեփոխման հարցով հանրաքվեին, 21%-ը՝ միգրացիոն քաղաքականության հարցով։ Ընդ որում, այս հարցերն իրենց առաջնահերթությամբ տարբերվում են՝ ելնելով ներքաղաքական դիրքորոշումներից։ Այսպես, օրինակ, ծայրահեղ ձախերի ընտրողների 61%-ը կցանկանար հանրաքվե անցկացնել կենսաթոշակային բարեփոխման հարցով, իսկ Լը Պենի կուսակցության կողմնակիցների շրջանում ամենաշատը՝ 81%-ը, կողմ է միգրացիոն քաղաքականության հարցով հանրաքվեին։

Հարցվածների ևս 43%-ը կցանկանար հանրաքվե անցկացնել կյանքի կամավոր ավարտի (էֆթանազիայի) օրինականացման հարցով, հաղորդում է «Европейская правда»-ն։