Հնարավոր է, որ բրիտանական հետախուզական ծառայության՝ MI6-ի պատմության մեջ առաջին անգամ այն կին կգլխավորի, չնայած նրա փորձի բացակայության և Չինաստանի վերաբերյալ հայացքների շուրջ եղած մտահոգություններին, գրում է Express-ը։
Տիկին Բարբարա Վուդվորդը այդ պաշտոնի գլխավոր հավակնորդն է և, ինչպես ենթադրվում է, երկու կանանցից և մեկ տղամարդուց բաղկացած վերջնական կարճ ցուցակի երեք թեկնածուներից մեկն է։
Տիկին Վուդվորդը և MI6-ի երկու անանուն աշխատակիցներ հավակնում են փոխարինել ներկայիս ղեկավարին՝ սըր Ռիչարդ Մուրին, որը պետք է այս տարի պաշտոնաթող լինի այդ պաշտոնում հինգ տարի անցկացնելուց հետո։
Նրա նշանակումը հակասական արձագանք է առաջացրել, քանի որ տիկին Վուդվորդը նախկինում հետախուզական ծառայությունում աշխատանքային փորձ չի ունեցել, իսկ քննադատները Չինաստանի նախկին դեսպանին մեղադրել են երկրի նկատմամբ չափազանց մեծ համակրանքի մեջ՝ «Մեծ Բրիտանիայի դեմ Պեկինի կողմից ուղղորդված հետախուզական տվյալների հավաքագրման ուժեղացված շրջանում»։
Քննադատները Վուդվորդին մեղադրել են նրանում, որ 2015-ից 2020 թվականներին այդ պաշտոնում գտնվելիս նա չափազանց դժկամությամբ է հանդես եկել ՉԺՀ իշխանությունների դեմ, հատկապես այնպիսի հարցերում, ինչպիսին է «Սինծիանում ույղուր ժողովրդի ճնշումը»։
Սակայն նրա նշանակման կողմնակիցները պնդում են, որ նա արտաքին ծառայությունների ամենափորձառու աշխատակիցն է, ինչը, զուգակցվելով Չինաստանում նրա աշխատանքային փորձի հետ, հետախուզական ծառայությանը ապագայի կարիքները բավարարելու լավագույն հնարավորություն կտա։





























