Գերմանիայի քաղաքներում կիրակի օրը՝ մայիսի 11-ին, ցույցեր են անցկացվել ի պաշտպանություն ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) կուսակցության արգելքի, հաղորդում է «Немецкая волна»-ն։

Ինչպես X սոցցանցում հայտարարել են ակցիաների կազմակերպիչները, ընդհանուր առմամբ տեղի է ունեցել ավելի քան 50 ցույց՝ «Այլևս ոչ մի արդարացում. ԱԳհ-ի արգելքը հիմա» ընդհանուր կարգախոսով։

Ինչպես հաղորդում է epd գործակալությունը, Մյունխենում ԱԳհ-ի արգելքի պահանջով ակցիային դուրս է եկել մոտ 3000 մարդ։ Նրանց թվում են եղել Fridays for Future արմատական կլիմայական շարժման մասնակիցները։ Ֆրայբուրգ-իմ-Բրայսգաուում ցուցարարների շարասյունին են միացել Ձախ կուսակցության և համաեվրոպական Volt կուսակցության անդամները, ինչպես նաև ԼԳԲՏ ակտիվիստները։

Էսսենում, կազմակերպիչների տվյալներով, հավաքվել է մոտ 2500 մասնակից։ Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների մոտ ակցիային է եկել մոտ 3000 մարդ։ Ցույցեր են տեղի ունեցել նաև Համբուրգում, Քյոլնում, Մայնցում, Բրեմենում, Մայնի Ֆրանկֆուրտում, Նյուրնբերգում, Հալլեում և այլ քաղաքներում։

Մայիսի 11-ին ԱԳհ-ի արգելքին կողմ է արտահայտվել նաև Բունդեսթագում «Միություն 90»/«կանաչների» խմբակցության համանախագահ Բրիտա Հասելմանը։

ԱԳհ-ի արգելքին դեմ են հանդես եկել Բավարիայի վարչապետ և բավարական Քրիստոնեա-սոցիալական միության առաջնորդ Մարկուս Զյոդերը, ինչպես նաև Քրիստոնեա-դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Կարստեն Լինեմանը։ Երկու կուսակցություններն էլ մտնում են ԳՖՀ-ում իշխող կոալիցիայի մեջ։

Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը (BfV) մայիսի 2-ին հայտարարել է, որ ԱԳհ-ն դաշնային մակարդակով ճանաչել է աջ ծայրահեղական։ Մայիսի 5-ին կուսակցությունը դրա դեմ հայց է ներկայացրել Քյոլնի վարչական դատարան, որտեղ գտնվում է հատուկ ծառայության գլխամասային գրասենյակը։

ԱԳհ-ում կարծում են, որ իրենց ծայրահեղականների շարքին դասելը քաղաքական դրդապատճառներով վարկաբեկման և քրեականացման փորձ է։

Մայիսի 8-ին BfV-ն հայտարարել է, որ ժամանակավորապես կասեցնում է ԱԳհ-ի՝ որպես աջ ծայրահեղականի դասակարգումը՝ մինչև դատարանի որոշումը։