Եվրոպական առաջնորդները պատրաստ են սպասել մինչեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում, նախքան ԱՄՆ-ին Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելուն մղելը, հայտնել է Bloomberg-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։

Երկուշաբթի ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաների միջեւ զրույցներից հետո պարզ է դարձել, որ ամերիկյան կողմը ցանկանում է հինգշաբթի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների հնարավորություն ընձեռել՝ նախքան Պուտինի վրա ճնշում գործադրելը, նշվել է հրապարակման մեջ։

Եթե ​​Պուտինը հրաժարվի հանդիպել Զելենսկու հետ կամ Ռուսաստանը չհամաձայնի հինգշաբթի անհապաղ եւ անվերապահ հրադադարի, եվրոպացի առաջնորդները կոչ կանեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հետեւել Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանելու իր սպառնալիքին, ասել են աղբյուրները։

Թրամփի վարչակազմը տարբերակներ է պատրաստել, որպեսզի ԱՄՆ նախագահը ավելի շատ տնտեսական ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, եթե նա որոշի դա անել, ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը։ Ինքը՝ Թրամփը, մայիսի 8-ին հայտնել էր, որ «ԱՄՆ-ը եւ նրա գործընկերները լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառեն», եթե հրադադար չլինի։

Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի առաջնորդները հայտարարել են, որ աջակցություն են ապահովել իրենց ծրագրին, որը նախատեսում է 30-օրյա զինադադար մայիսի 12-ից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է՝ պահանջելով, որ ուկրաինական պատվիրակությունը մայիսի 15-ին ժամանի Ստամբուլ՝ վերսկսելու բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022թ. գարնանը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Պուտինի հետ Ստամբուլում։ Պուտինը դեռ չի պատասխանել նրան։ Թրամփը ուկրաինական կողմին կոչ է արել մասնակցել Թուրքիայի բանակցություններին եւ չի բացառել, որ ինքը կարող է թռչել Ստամբուլ։