Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան կոչ է արել «զինված փոքր խմբավորումներին», որոնք դեռ պետք է միավորվեն անվտանգության մարմինների հետ, դա անել 10 օրվա ընթացքում՝ հակառակ դեպքում սպառնալով «միջոցներ ձեռնարկել», հաղորդում է Al Arabiya-ն։
Կառավարության վերահսկողությունից դուրս գտնվող զենքի մեծ քանակությունը վտանգի տակ է դնում երկրի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ վերահսկողություն հաստատելու ջանքերը, քանի որ ինչպես աջակցող, այնպես էլ նրան դեմ խմբավորումները ղեռ մնում են զինված։
Սիրիայի պաշտպանության նախարարը շաբաթ ուշ երեկոյան իր հայտարարության մեջ նշել է, որ «ռազմական ստորաբաժանումներն» այժմ ինտեգրված են «միասնական ինստիտուցիոնալ կառուցվածքում»՝ դա անվանելով մեծ ձեռքբերում։
«Մենք ընդգծում ենք մնացած փոքր ռազմական խմբավորումների՝ այս հայտարարության օրվանից առավելագույնը 10 օրվա ընթացքում նախարարությանը միանալու անհրաժեշտությունը՝ միավորման և կազմակերպման ջանքերն ավարտին հասցնելու համար», - ասել է նա։
Քասրան չի հստակեցրել, թե որ խմբավորումների մասին է խոսքը։ Այս հայտարարությունը, ըստ երևույթին, ուղղված չէր ԱՄՆ-ի կողմից աջակցվող Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF)՝ երկրի հյուսիսարևելքում գտնվող խոշոր քրդական կազմավորումների դեմ, որոնք այս տարվա սկզբին համաձայնագիր էին ստորագրել աշ-Շարաայի հետ՝ պետական ինստիտուտներին ինտեգրվելու նպատակով։
Դամասկոսը մեծ դիվանագիտական խթան ստացավ անցած շաբաթ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպեց աշ-Շարաայի հետ և հայտարարեց Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման մասին։
Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբը հայտարարել է, որ այս որոշումը կաջակցի «անվտանգության և կայունության ամրապնդմանն ու Սիրիայում և տարածաշրջանում քաղաքացիական խաղաղությանը նպաստելուն ուղղված ջանքերին»։
Այնպիսի խմբավորումներ, ինչպիսին է «Հայաթ Թահրիր աշ-Շամը», որը պատերազմի ժամանակ մարտնչում էր տապալված նախագահ Բաշար Ասադի դեմ, դեկտեմբերին համաձայնել են մտնել երկրի Պաշտպանության նախարարության կազմի մեջ։





























