Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հինգշաբթի Լիտվայում մասնակցել է ՆԱՏՕ-ի գերմանական բրիգադի գործարկման հանդիսավոր արարողությանը, որը կոչված է օգնելու պաշտպանել դաշինքի արևելյան թևը, հաղորդում է Associated Press-ը։
Ըստ Մերցի, «մեր բալթյան դաշնակիցների անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է, քանի որ ռուսաստանյան ագրեսիայի վերաբերյալ մտավախությունները պահպանվում են»։
Նա նշել է, որ Բեռլինի կողմից սեփական զինված ուժերի ամրապնդումը ազդանշան է իր դաշնակիցների համար՝ ներդրումներ կատարել անվտանգության ապահովման գործում։
Տասնյակ ռազմական ուղղաթիռներ աղմուկով սլացել են Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոնական մայր տաճարի հրապարակի վրայով, երբ հինգշաբթի անձրևոտ երեկոյան ավարտվել է հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա են եղել հարյուրավոր զինծառայողներ և հանդիսատեսներ։ Մերցը միջոցառմանը հայտարարել է, որ «Վիլնյուսի պաշտպանությունը Բեռլինի պաշտպանությունն է»։
Լիտվայում գերմանական բրիգադի տեղակայումը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր առաջին դեպքն է, երբ գերմանական բրիգադը երկարաժամկետ հիմունքներով տեղակայվում է Գերմանիայից դուրս։
«Սա պատմական օր է,- հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Մերցի հետ հանդիպումից հետո։ - Սա վստահության, պատասխանատվության և գործողությունների օր է»։
Գերմանական զորքերը Լիտվայում, որը սահմանակից է Ռուսաստանի Կալինինգրադյան էքսկլավին և ՌԴ դաշնակից Բելառուսին, գտնվում են 2017 թվականից՝ ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի անվտանգության ապահովման ջանքերի շրջանակներում, սակայն նոր բրիգադը զգալիորեն ընդլայնում է այդ ներկայությունը։
Առաջավոր խումբը դրա ստեղծման աշխատանքները սկսել է մեկ տարուց մի փոքր ավելի առաջ և անցած աշնանն ընդլայնվել է մինչև շուրջ 250 հոգանոց «ակտիվացման անձնակազմի»։ Ակնկալվում է, որ մինչև 2027 թվականի վերջ Ռուկլայում և Ռուդնինկայում տեղակայված 45-րդ զրահատանկային բրիգադի թվաքանակը կկազմի շուրջ 5000 մարդ։