Քաղաքը փոխել է վայրի կենդանիների կենսակերպը և ստիպել նրանց հարմարվել։ Ամերիկացի հետազոտողը, իր մեքենայով շրջելիս, նկատել է Կուպերի ճուռակների որսորդական անսովոր վարքագիծ՝ նրանցից ոմանք թռչում են քաղաք։ Մի քանի ժամ դիտարկումները ցույց են տվել. գիշատիչը, ըստ երևույթին, սովորել է հետևել ավտոմոբիլային երթևեկությանը և ճանաչել լուսացույցի ազդանշանների փոփոխությունը՝ ընտրելով քաղաքային այլ թռչունների որսի համար լավագույն պահը։

Քաղաքը վայրի կենդանիների համար վաղուց վերածվել է սովորական, թեև վտանգավոր կենսամիջավայրի, հայտնում է Naked Science-ը։ Հատկապես թռչունների համար։ Մեգապոլիսների հայելային պատերը շարունակում են մնալ ԱՄՆ-ում միլիոնավոր փոքր ու մեծ թռչունների մահվան պատճառ՝ հաճախ միգրացիայի շրջաններում։

Միևնույն ժամանակ, որոշ տեսակներ սովորել են բներ կառուցել ժամանակակից նյութերից։ The New York Times պարբերականը պատմել է թռչունների մասին, որոնք բներ են կառուցել մետաղական ձողերից, որոնք նախատեսված էին նրանց վանելու համար։ Վերջերս կենսաբանները Լեյդենում (Նիդեռլանդներ) ջրլող փրփրուկների բներում իսկական շերտագրական շերտ են հայտնաբերել։ Այս հոդվածի հեղինակները նշել են, որ պլաստմասսա օգտագործում են բազմաթիվ թռչուններ. ի տարբերություն բնական նյութերի, պոլիմերները տարիներով չեն քայքայվում, և բույնը զրոյից կառուցելու կարիք չկա։

Թենեսիի համալսարանից ամերիկացի հետազոտող Վլադիմիր Դինեցը հայտնել է, որ Կուպերի ճուռակները (Accipiter cooperi) սովորել են օգտվել լուսացույցներից քաղաքում որս անելու համար։ Frontiers in Ethology ամսագրում հրապարակված իր կարճ գիտական աշխատության մեջ Վլադիմիրը կիսվել է 2021-2022 թվականներին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ուեսթ Օրինջ քաղաքում կատարած դիտարկումներով։

Մասնագետը ուշադրություն է դարձրել այս գիշատիչ թռչունների վարքագծին խաչմերուկներից մեկում։ Երիտասարդ ճուռակը դարանակալում էր, մինչև հավաքվեր լուսացույցի կանաչ ազդանշանին սպասող մեքենաների շարանը։ Հարմար պահ ընտրելով՝ նա սլանում էր դեպի պատուհանի տակ փշրանքներ կտցահարող ճնճղուկները, սարյակներն ու աղավնիները։

Այնուհետև Դինեցը 12 օր շարունակ առավոտյան ստուգում էր, թե որքան հաճախ է A.cooperi-ն այդպես որս անում. ընդհանուր առմամբ նա 12 ժամ հետևել է թռչուններին։ Եվ պարզել է, որ սկզբում գիշատիչը թռչում է տան դիմացի ծառի վրա, նստում ներքևի ճյուղին և նայում, թե ինչպես է լուսացույցի մոտ մեքենաների հերթ գոյանում։ Ավտոմեքենաները փակում էին ճուռակի տեսադաշտը դեպի որսը, և, հակառակը, թռչնակների համար սպառնալիքը նույնպես անտեսանելի էր դառնում։

Հենց որ հերթը հասնում էր շուրջ հիսուն մետր երկարության, ճուռակը պոկվում էր ճյուղից, ցածր թռիչքով անցնում մոտ 65 մետր ճանապարհ մայթի երկայնքով, կտրուկ թեքվում 90° մեքենաների միջով և հասնում որսին։ Օրերից մեկում ճուռակը թռիչքի էր դիմում լուսացույցի ձայնային ազդանշանից անմիջապես հետո. Դինեցը եզրակացրեց, որ այսպիսով թռչունը հասկացել է, որ մեքենաների քանակը առավելագույնն է։ Հարկ է նշել, որ հանգստյան օրերին գիշատիչն այս տարածքում չէր որսում. այդ ժամանակ մեքենաներն ավելի քիչ են։

Ինչպես նշել է աշխատանքի հեղինակը, թռչունի ինքնությունը պարզել չի հաջողվել, բայց, հավանաբար, նա դիտարկել է միևնույն առանձնյակին։ Թվում է, թե կենդանին իր գլխում կազմել է տեղանքի քարտեզը, արձանագրել է լուսացույցի ձայնի և ավտոմոբիլային շղթայի միջև կապը և հասկացել, որ հերթի հետևում ինքը տեսանելի չէ։ Ըստ Դինեցի, նման հետազոտություն կրկնելը դժվար կլինի, բայց նոր դիտարկումները բարդացնում են ճուռակների առանց այն էլ լայն որսորդական հմտությունները։

«Այստեղ նկարագրված վարքագիծը ինտելեկտի տպավորիչ սխրանք է, որը զգալի չափով բացատրում է տեսակի՝ քաղաքային լանդշաֆտի նման անսովոր և վտանգավոր միջավայրը հաջողությամբ գաղութացնելու ունակությունը։ Հավանաբար, այս ինտելեկտն արդեն գոյություն է ունեցել, այլ ոչ թե զարգացել է նոր պայմաններում»,- ընդգծել է իր հոդվածում Վլադիմիր Դինեցը։