Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւը երրորդ գիշերն անընդմեջ ենթարկվում է ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակմանը։ Ուկրաինայի մայրաքաղաքում տագնապը տեւել է 6 ժամ, գրել է Կիեւի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն Telegram-ալիքում։
Տկաչենկոն նշելել է, որ Ռուսաստանի զինված ուժերը հարվածային անօդաչու սարքերով գրոհել են Ուկրաինայի մայրաքաղաքը։ Հարձակման հետեւանքով վնասներ են եղել քաղաքի Դնեպրովսկի թաղամասում։ Բնակելի շենքերից մեկում ապակիներ են կոտրվել։ Նաեւ բեկորներ են ընկել ավտոտնակների կոոպերատիվի եւ հանգստի վայրի տարածքում։
Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան, շնորհակալություն պաշտպանությւան ուժերին արդյունավետ աշխատանքի համար։ «Շնորհակալություն բոլորին, ովքեր վերացնում են հարձակումների հետեւանքները եւ օգնում մայրաքաղաքի բնակիչներին»,- գրել է նա։
Երեկ Ուկրաինան հայտնել է իր 13 տարածաշրջաններում ռուսական զորքերի զանգվածային հարձակման մասին, որի հետեւանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել ավելի քան 60-ը։ Արձանագրվել են նաեւ բազմաթիվ ավերածություններ։





























