Ավելի քան 400 խաղաղ բնակիչ Ռուսաստանի մարզերից ապրիլին տուժել է Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետեւանքով, զոհվել է 59 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Ըստ ճշտված տվյալների՝ ապրիլին Ուկրաինայի զինված ուժերի գործողություններից տուժել է առնվազն 478 խաղաղ բնակիչ. վիրավորվել է 419 մարդ, այդ թվում՝ 21 անչափահաս, 59 մարդ զոհվել է, այդ թվում՝ 5 անչափահաս»,- ասել է նա։
Միրոշնիկի խոսքով՝ հրետակոծության ինտենսիվության աճ է գրանցվել Բելգորոդի, Կուրսկի եւ Բրյանսկի ուղղություններում։ Նա նշել է, որ համակարգված գնդակոծության են ենթարկվել Լուգանսկը եւ Դոնեցկը, ինչպես նաեւ Խերսոնի մարզը։
«Նշված ժամանակահատվածում ուկրաինական զինված կազմավորումները խաղաղ բնակչության դեմ ակտիվորեն կիրառել են կասետային մարտագլխիկներով զինամթերք, բեկորային հրթիռներ եւ բեկորային մարտագլխիկներ, ինչը կարելի է համարել պատերազմի անմարդկային մեթոդների եւ քաղաքացիական բնակչության դեմ ավերիչ հզորությամբ զենքի կիրառում։ Չնայած Ուկրաինան ստորագրել է Օտտավայի հակահետեւակային ականներն արգելող կոնվենցիան, Ուկրաինայի Զինված ուժերը շարունակել են համակարգված կերպով օգտագործել հակահետեւակային ականների տարբեր ձեւափոխումներ՝ ինչպես ուկրաինական, այնպես էլ խորհրդային, ինչպես նաեւ արեւմտյան արտադրության, որոնք մատակարարվել են հակամարտության արեւմտյան մեղսակիցների կողմից: Դրանք ապօրինի են օգտագործվել ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց նկատմամբ»,- ասել է Միրոշնիկը։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը որոշակի տեսակի հակահետեւակային ականներ են կիրառել քաղաքացիական օբյեկտների եւ հանրային տարածքների հեռահար ականապատման համար։ Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է «Միրոշնիկը», ապրիլին գրանցվել են նաեւ խաղաղ բնակիչների պայթեցումներ չպայթած զինամթերքի եւ հակահետեւակային ականների վրա։
«Տուժածներից վեցը երեխաներ են, որոնք լուրւջ վնասվածքներ են ստացել»,- ասել է նա։





























