Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է նախապես հրապարակի խաղաղ կարգավորման իր պահանջները, որպեսզի հունիսի 2-ին Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների՝ Ստամբուլում նախատեսված հանդիպումը արդյունքներ տա։

Ուկրաինայի նախագահը խոսել է Կիև ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ իր հանդիպման արդյունքների մասին և կրկնել Կիևի դիրքորոշումը, որը մի քանի օր է, ինչ պահանջում է Մոսկվայից տրամադրել խաղաղության բանակցությունների վերաբերյալ իր հուշագիրը։

«Ռուսաստանը մեկ շաբաթից ավելի է, ինչ չի կարողանում ներկայացնել այսպես կոչված «հուշագիրը», որը նրանք խոստացել էին պատրաստել անմիջապես 1000-ը՝ 1000-ի դիմաց սկզբունքով փոխանակումից հետո, -գրել է Զելենսկին իր սոցցանցերում։ -Ուկրաինան նրանցից որևէ փաստաթուղթ չի ստացել։ Թուրքիան ևս։ Որպեսզի հանդիպումը դատարկ չլինի, անհրաժեշտ է հասկանալ դրա օրակարգը և պատշաճ կերպով պատրաստվել բանակցություններին։

«Ցավոք, Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի հաջորդ հնարավոր հանդիպումը անարդյունք լինի», -հավելել է Զելենսկին։

Ուկրաինան դեռևս պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին, սակայն նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը ուրբաթ հայտարարել է, որ Կիևը պատրաստ է նման հանդիպման։

Սակայն Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ նախապես հրապարակել իր պահանջների ցանկը, ինչպես խնդրել էին Ուկրաինան և Միացյալ Նահանգները։

Ուկրաինայի ԱԳՆ խոսնակն ավելի վաղ ենթադրել էր, որ իր հուշագիրը տրամադրելու Մոսկվայի դժկամությունը կարող է վկայել նրա մասին, որ ՌԴ-ն մտադիր է բանակցությունների ընթացքում կրկին անիրատեսական պահանջներ առաջադրել։