Գյոթեբորգի համալսարանի գիտնականները պարզել են, որ չնայած աղետալի կլիմայի փոփոխությանը և զանգվածային ոչնչացումներին, խոշոր խոտակեր կենդանիների էկոհամակարգերը վերջին 60 միլիոն տարվա ընթացքում զարմանալի դիմադրողականություն են ցուցաբերել։ Սակայն մարդկային կորուստների ներկայիս տեմպը կարող է մեզ ավելի մոտեցնել անդառնալիության երրորդ կետին։ Գիտական աշխատանքը հրապարակվել է Nature Communications (NatCom) հանդեսում։
Վերլուծելով խոշոր խոտակեր կենդանիների՝ մաստոդոններից մինչև նախապատմական ռնգեղջյուրների ավելի քան 3000 բրածոներ՝ հետազոտողները հնարավորություն են ունեցել հետևելու՝ ինչպես են գլոբալ փոփոխություններն ազդել համայնքների կազմի վրա՝ առանց դրանց ֆունկցիոնալ կառուցվածքը ոչնչացնելու։
Գիտնականները բացահայտել են կենսոլորտի երկու հիմնական շրջադարձային կետեր։ Առաջինը տեղի է ունեցել 21 միլիոն տարի առաջ՝ հին Թեթիսի փակման և Աֆրիկայի ու Եվրասիայի միջև ցամաքի ձևավորման հետ։ Սա հանգեցրել է զանգվածային միգրացիաների, որոնք փոխել են կենսաբազմազանության գլոբալ պատկերը։ Երկրորդ շրջադարձային պահը տեղի է ունեցել մոտ 10 միլիոն տարի առաջ, երբ կլիման դարձավ ավելի չոր և զով, անտառները զիջեցին տափաստաններին, իսկ էկոհամակարգերը սկսեցին կորցնել տեսակների ու ֆունկցիոնալ բազմազանությունը։ Ընդսմին, էկոհամակարգերը հարմարվել են՝ պահպանելով իրենց հիմնական կառուցվածքը։
«Դա նման է ֆուտբոլային թիմի, որտեղ խաղացողները փոխվում են, բայց խաղի սխեման մնում է նույնը», -պարզաբանել է հետազոտության համահեղինակ Իգնասիո Լասագաբաստերը։
Սակայն հետազոտողները զգուշացնում են, որ այդ համայնքների դիմադրողականությունը կարող է նվազել։
«Այսօր փոփոխությունների տեմպն աննախադեպ է։ Մենք ոչ միայն կորցնում ենք տեսակներ, այլև կորցնում ենք դրանց կատարած գործառույթները։ Եվ եթե սա շարունակվի, համակարգը, հնարավոր է, չկարողանա դրան դիմանալ», -հավելել է գիտական աշխատանքի առաջատար հեղինակ Խուան Կանտալապիեդրան։
Հետազոտողները կոչ են անում ուշադրություն դարձնել ոչ միայն առանձին տեսակների պահպանմանը, այլև բնության մեջ նրանց կատարած դերերի բազմազանության պահպանմանը՝ քանբի դեռ չի սկսել երրորդ, անդառնալի, գլոբալ փոփոխությունը։




























