Հունիսի 6-ին բելգիական Հասրոդե քաղաքում հրդեհի հետևանքով զոհվել են 46-ամյա ուկրաինուհի և նրա վեցամյա դուստրը։ Նրանց մարմինների վրա դանակի հարվածներ են հայտնաբերվել, իսկ հրդեհը կանխամտածված է եղել։

Հանցագործությունն այժմ բացահայտված է․ ուկրաինուհու 16-ամյա որդին հինգժամյա հարցաքննությունից հետո խոստովանել է, որ ինքն է դանակի մահացու հարվածներ հասցրել և հրկիզել տունը, հայտնում է De Standaard թերթը՝ հղում անելով դատախազությանը։

Հրդեհի ժամանակ պատանին դպրոցում է եղել և սկզբում դիտարկվել է որպես զոհ, սակայն ավելի ուշ դարձել է գլխավոր կասկածյալը։ Անչափահաս լինելու պատճառով կասկածյալը կկանգնի անչափահասների գործերով դատարանի առաջ և սկզբում, ըստ ամենայնի, կուղարկվի փակ հաստատություն։

Ուկրաինական ընտանիքը Բելգիա էր տեղափոխվել երեք տարի առաջ։ Փախստականների կենտրոնում և ընդունող ընտանիքում ժամանակավորապես մնալուց հետո նրանք երկու տարի առաջ բնակություն էին հաստատել Հասրոդեի հին հովվատանը։ Ընտանիքի հայրը դեռ Ուկրաինայում է, նա ռազմաճակատում զբաղվում է վիրավորների տեղափոխմամբ։ Չափահաս դուստրն ապրում է Իռլանդիայում։

Ուրբաթ՝ տեղական ժամանակով մոտ 09:30-ին, հարևանները նկատել են Միլսեստրաատ փողոցի տան պատուհաններից դուրս եկող ծուխը։ Ժամը 10:20-ին հրդեհը մեկուսացվել է։ Տունը զննելիս հրշեջները հայտնաբերել են երկու զոհերի մարմինները։ 46-ամյա կինն արդեն մահացած է եղել։ Նրա դստերը փորձել են վերակենդանացնել տեղում, սակայն նա շուտով մահացել է։ Հրդեհի ժամանակ սատկել է նաև շունը, գրում է «Немецкая волна»-ն։