Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ միջոցներ ձեռնարկել իր տարածքում Իսրայելի հարձակումների դեմ։
«Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի վրա հարձակումները ՄԱԿ-ի կանոնադրության 2(4) հոդվածի խախտում են և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ագրեսիայի կոպիտ ակտ։ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը պահպանում է այս ագրեսիային արձագանքելու օրինական իրավունքը։
Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը չեն տատանվի պաշտպանել Իրանի ինքնիշխանությունը իրենց ողջ ուժով և այնպիսի ձևով, որը նրանք համարում են նպատակահարմար։ Որպես Միավորված Ազգերի Կազմակերպության հիմնադիր անդամ, որի նպատակն է կանխել ագրեսիան, խաղաղության խախտումները և խաղաղությանը սպառնացող վտանգները, Իրանի Իսլամական Հանրապետությունը ընդգծում է Անվտանգության խորհրդի պատասխանատվությունը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված կոպիտ ագրեսիայի հետևանքով միջազգային խաղաղության և անվտանգության այս խախտման դեմ։
Մենք կոչ ենք անում Խորհրդի նախագահին և անդամներին անհապաղ միջոցներ ձեռնարկել այս հարցում։ Արտաքին գործերի նախարարությունը նաև հիշեցնում է Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած իր պարտականությունների մասին և պահանջում է նրա անհապաղ միջամտությունը այս հարցում։
Մենք ակնկալում ենք, որ Միավորված Ազգերի Կազմակերպության բոլոր անդամ պետությունները, մասնավորապես՝ տարածաշրջանային և իսլամական երկրները, Չմիավորման շարժման անդամները և բոլոր կառավարությունները, որոնք գնահատում են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, անհապաղ դատապարտեն այս հանցավոր ագրեսիան և ձեռնարկեն համապատասխան միջոցներ։
Անհապաղ կոլեկտիվ միջոցներ ձեռնարկել այս անխոհեմ արկածախնդրությանը հակազդելու համար, որը անկասկած աննախադեպ սպառնալիքի տակ է դրել համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը։ Սիոնիստական ռեժիմի կողմից մեր սիրելի հայրենիքի՝ Իրանի դեմ ագրեսիայի ծանր և հեռահար հետևանքները լիովին կախված կլինեն այս ռեժիմից և նրա կողմնակիցներից։
Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ ագրեսիայի գործողությունները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համակարգման և հավանության։ Հետևաբար, ԱՄՆ կառավարությունը՝ որպես այս ռեժիմի գլխավոր հովանավոր, նույնպես պատասխանատու կլինի սիոնիստական ռեժիմի անխոհեմ գործողությունների վտանգավոր հետևանքների համար», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։





























