Երկու տարի շարունակ բանակցություններից հետո «Բեդյան ինտերնեյշնլ» ընկերությունը Երեւանում «Hilton Garden Inn» նոր հյուրանոցի կառուցման թույլատվություն է ստացել։ Այս մասին, հուլիսի 14-ին, տեղեկացրել է ընկերության հիմնադիր Գարի Բեդյանը։
«Մենք արդեն ունենք 5 միլիոն դոլար կապիտալ ներդրումներ՝ նախագիծը իրականացնելու համար։ Շինարարական աշխատանք նախատեսվում է սկսել հաջորդ տարի եւ ավարտել 2-3 տարի հետո, երբ տնտեսությունը ամբողջապես կվերականգնվի»,-ասել է Բեդյանը։ Նա նաեւ հայտնել է, որ չինական շինարարական ընկերությունների հետ պայմանավորվածությունը արդեն իսկ կայացել է։
Իր հերթին, Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը նշել է, որ այս նախագծի շնորհիվ, հաշվի չառնելով շինարարական եւ այլ աշխատանքները, 200 մշտական եւ 50-60 ժամանակավոր նոր աշխատատեղեր կբացվեն։


























