Երեւանի բոլոր ֆիրմային եւ ոչ ֆիրմային խանութների ապակիներին փակցված են զեղչեր ազդարարող ցուցանակներ: NEWS.am-ը փորձեց պարզել, թե ինչ նշանակություն ունեն զեղչերը, որքանով է զեղչվում ապրանքը, ինչպես տարբերել կեղծ եւ իրական զեղչերը:

NEWS.am-ի հետ զրույցում անկախ տնտեսագետ Սամվել Ավագյանը նշեց, որ զեղչերի քաղաքականությունը սովորաբար պայմանավորված է սեզոնով: Այժմ սեզոնային զեղչեր են, քանի որ ձմեռը հատել է հասարակածը, մոտենում է ավարտին,  զեղչում են ձմեռային նշանակության ապրանքները, օրինակ` տաք հագուստները, որպեսզի պաշարներ չկուտակվեն: Այդ տրամաբանությամբ էլ գարնան, ամռան ավարտին զեղչում են այդ սեզոնի ապրանքները: Բայց, տնտեսագետի հավաստմամբ, զեղչային քաղաքականությունը միայն սեզոնայնությամբ չէ պայմանավորված:

Զեղչային քաղաքականությունը մի շարք դեպքերում ունի այլ պատճառներ եւ նպատակներ, մասնավորապես` դրա միջոցով ժամանակ առ ժամանակ իրականացնում են դեմպինգ` շուկայում տեղ գրավելու կամ մրցակիցներին նեղելու համար: «Դեմպինգի դիմում են խոշոր առեւտրային ցանցերը, որոնք տնօրինելով ֆինանսական մեծ ռեսուրներ, դիմում են կարճաժամկետ դեմպինգի, ինչը նրանց համար  հաղթահարելի է, չեն սնանկանում, դիմանում են այնքան, մինչեւ իրենց մրցակիցները սնանկանան, իսկ փոքր խանութը դեմպինգի ռեսուրս չունի»,-ասաց նա:

Սամվել Ավագյանի խոսքով`զեղչերի մյուս նպատակը հաճախորդ ներգրավելու հետ է կապված, օրինակ`  խանութում առկա է 10 ապրանքատեսակ, մեկի վրա զեղչ են անում, այդպես գրավում են հաճախորդին, ով մտնելով խանութ` գնում է ոչ միայն զեղչված ապրանքը, այլեւ մյուս ապրանքը, որը սովորականից թանկ է: «Խանութը ուղղակի շահում է, որովհետեւ մի ապրանքի վրա զեղչ անելով` վաճառում է նաեւ մյուս ապրանքը: Սա շատ հաճախ կիրառում են նաեւ փոքր կրպակատերերը»,- ասաց նա:

Տնտեսագետի խոսքով` սեզոնի սկզբին տնտեսվարողները սահմանում են անբնական բարձր գին, ըստ որում, Սամվել Ավագյանի դիտարկմամբ, սա տեղական խորամանկություն չէ, այլ համաշխարհային առեւտրի կանոններից մեկը. «Ցանկացած ֆիրմա, սեզոնի սկզբում ապրանքը հանելով շուկա, դրա համար սահմանում է անբնական բարձր գին, հետո, երբ իջեցնում է 70 տոկոս,  ինքը ըստ էության չի տուժում, որովհետեւ այդ 70 տոկոսը շահույթի ձեւով ներառվել է նախկին գնի մեջ»,- նշեց նա:

Տնտեսագետի դիտարկմամբ` երբեմն գրում են 50 տոկոս զեղչ, բայց իրականում այդքան չեն զեղչում, օրինակ` 20 տոկոս են զեղչում, ինչը եւս հաճախորդ գրավելու հնարք է եւ եթե հետեւես տնտեսվարողի գնային քաղաքականությանը, ապա պարզ կլինի` իրակա՞ն, թե՞ կեղծ զեղչեր են: «Միշտ չէ, որ երբ գրում են այսքան տոկոս զեղչ, դա համապատասխանում է իրականությանը, այսինքն` համարժեք չեն զեղչում»,- ասաց  տնտեսագետը` հավելելով, որ վերահսկողական մարմինները անելիք ունեն, որովհետեւ այստեղ սպառողներին մոլորեցնելու խնդիր կա:

Սամվել Ավագյանի խոսքով`  զեղչային քաղաքականությունը վերահսկելու առումով կա բաց, որովհետեւ չկա այդպիսի մարմին, որը հետեւի` տնտեսվարող խաբո՞ւմ է սպառողին, թե՞ ոչ, որքանով են իրականությանը համապատասխանում զեղչերը եւ այլն: Գնային վերահսկողություն իրականացնում է ՏՄՊՊՀ-ն, բայց այն դեպքում երբ տնտեսվարողը գերիշխող դիրք է ունենում: Ի դեպ, զեղչերի հետ կապված մեզանում նաեւ ուսումնասիրություն չկա:

Իսկ թե ինչպես սպառողը տարբերի կեղծ զեղչերը իրականից, Սամվել Ավագյանը խորհուրդ է տալիս նման դեպքերի հանդիպելիս անպայման բարձրաձայնել, դիմել լրատվամիջոցներին, որպեսզի դա լուսաբանվի, այդ խնդիրը բարձրացվի, լրատվամիջոցը իր անձնական հետաքննությունը անի, գուցե այդպես մյուսների աչքն էլ վախենա ու զերծ մնան կեղծ զեղչերից:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը