Ադրբեջանում իրենց իրավունքների խախտմանը բախվող երեխաների տոկոսը գործնականում անհնար է նշել: Այդ մասին հայտարարել է Ընտանիքի, կանանց եւ երեխաների խնդիրներով զբաղվող պետական կոմիտեի փոխնախագահ Սադաղետ Ղահրամանովան, հաղորդում է Trend Life-ը:
«Ավելի հաճախ ադրբեջանցի երեխաների իրավունքների խախտումները սկսվում են հենց ընտանիքում: Անհնար է նշել այն երեխաների տոկոսը, ովքեր բախվում են իրենց իրավունքների ոտնահարումների հետ, երբ առանց համաձայնության վաղ ամուսնություններ են կնքվում, ընտանիքում աճում են ֆիզիկական բռնությունները, երեխաներին զրկում են ուսման իրավունքից, նրանք ապրում են փողոցում կամ նրանցից հրաժարվում են ծնողները»,- հայտնել է Ղահրամանովան: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանում ընտանեկան բռնություններից ապահովագրված չեն անգամ ունեւոր ընտանիքների երեխաները: «Մեր հիմնական նպատակը՝ երեխաների իրավունքների համընդհանուր գիտակցումն ու պահպանումն է, բայց երբեմն ամենակարիքավոր ընտանիքներում երեխաների իրավունքները պահպանվում են, եւ ընդհակառակը՝ խախտվում են սոցիալապես ապահովված երեխաների իրավունքները»:
Նրա խոսքով, 2009թ., որը ճանաչվել է երեխաների տարի, միտված էր ադրբեջանական հանրությանը երեխաների խնդիրներին ծանոթացնելուն, «սակայն ասել, որ մենք հասել ենք հանրության ամեն մի անդամի սրտին, չենք կարող, քանի որ երեխաների շատ խնդիրներ Ադրբեջանում մնում են չլուծված»: Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի խոսքով, երկրում դեռ շատ երեխաներ կան, որոնք ռիսկի են ենթարկվում:


























