Ռուս մասնագետների կողմից նոր միջուկային էներգետիկ ռեակտորների ոլորտում կատարված մշակումները թույլ կտան «կանաչ» դարձնել ատոմային էներգետիկան՝ վնասազերծելով ամենավտանգավոր ռադիոակտիվ թափոնները, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Չուդակովը։

Ռուսաստանը 2030 թվականին Տոմսկի մարզում կգործարկի աշխարհում առաջին փակ ցիկլի ատոմային էներգահամակարգը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընթացող «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումի ժամանակ։

Սովորական ջերմային նեյտրոնների վրա աշխատող ռեակտորներում, որոնք գործում են ԱԷԿ-ներում, բնական ուրան-238-ը գրեթե չի օգտագործվում և դառնում է թափոն, իսկ արագ նեյտրոնների վրա աշխատող ռեակտորներում ուրան-238-ը վերածվում է պլուտոնիում-239-ի։ Ընդ որում, «արագ» ռեակտորներում կարելի է ավելի շատ պլուտոնիում արտադրել, քան այրվում է, և այն նորից ու նորից կարելի է օգտագործել որպես միջուկային «վառելիք», ինչպես շրջապտույտում, բացատրել է Չուդակովը։

«Բացի այդ, «արագ» ռեակտորներն ի՞նչ առավելություն ունեն։ Դրանք այրում են փոքր ակտինիդները՝ առավել ռադիոակտիվ տարրերը, որոնք բնության մեջ չկան, արհեստականորեն են արտադրվել և ունեն կիսատրոհման միլիոնավոր տարիների պարբերություններ։ Այդ պատճառով էլ ատոմային էներգետիկան հաճախ է քննադատվում»,- ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի տեղակալը։

Արագ նեյտրոնային ռեակտորները հնարավորություն են տալիս «այրել» մանր ակտինիդները և դրանք վերածել շատ ավելի կարճ կիսատրոհման պարբերություն ունեցող տարրերի, հավելել է Չուդակովը։

«Իրականում, դա գործնականում մեզ հավասարակշռության է բերում՝ այն կիսաքայքայման պարբերությանը, որով մենք երկրից արդյունահանում ենք ռադիոակտիվ տարրեր, երբ մենք ուրան ենք արդյունահանում։ Եվ դա արդեն բավականին ընդունելի է։ Այսինքն՝ դա մաքուր, «կանաչ» էներգիա է՝ ինչպես «Փյունիկը», որը «ստեղծում» է ինքն իրեն, արտադրում է ամբողջ ուրան-238-ը և բնականաբար, թույլ է տալիս այրել մանր ակտինիդները՝ ամենաերկարակյաց ռադիոակտիվ տարրերը», - նշել է նա։

«Ռոսատոմը», «Հեղափոխություն» («Прорыв») ռազմավարական ճյուղային նախագծի շրջանակում, Տոմսկի մարզի Սևերսկ քաղաքում, իր «Սիբիրյան քիմիական կոմբինատի» տարածքում կառուցում է IV սերնդի փորձնական-ցուցադրական էներգետիկ համալիր (ՓՑԷՀ)՝ հիմնված արագ նեյտրոնների և կապարային ջերմակրիչով ԲՐԵՍՏ-ՕԴ-300 նորարարական ռեակտորային տեղակայանքի վրա, որի հզորությունը 300 ՄՎտ է։

«Հեղափոխություն» («Прорыв») նախագիծն ուղղված է ատոմային ճյուղի նոր տեխնոլոգիական հարթակի ստեղծմանը՝ փակ միջուկային վառելիքային ցիկլով (ՓՄՎՑ), արագ նեյտրոնների վրա աշխատող ռեակտորների հիման վրա։ Նախագծի իրականացումը պետք է ապահովի ռուսական տեխնոլոգիաների առաջատարությունը համաշխարհային ատոմային էներգետիկայում։ Իսկ ՓՑԷՀ-ը աշխարհում առաջին անգամ կցուցադրի ՓՄՎՑ-ն ապահովող օբյեկտների ամբողջական համալիրի կայուն աշխատանքը՝ մարմնավորելով ապագայի ատոմային գեներացիայի նոր որակը՝ աննախադեպ անվտանգ, էկոլոգիական, ռեսուրսախնայող և մրցունակ։ ՓՑԷՀ-ի շրջանակներում վառելիքային ցիկլի կազմակերպման կայարանամերձ տարբերակը թույլ կտա նվազագույն ժամկետներում, մեկ հարթակի սահմաններում, փորձարկել այսպես կոչված «կարճ վառելիքային ցիկլի» տեխնոլոգիաները։